8 տարի է՝ վարչապետ եմ, ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք խելոք եք, մենք՝ ոչ, վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք

2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 135 տոկոսով: Այսինքն՝ կրկնապատիկից ավելի են: Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիների ձեռքով վերցրել ենք, ուղղել ժողովրդի կարիքները հոգալուն: Այս թվի մեջ մտնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, որոնք նախորդ շրջանի համեմատությամբ ավելի քան կրկնապատկվել են, և բազմաթիվ այլ գույքեր կան:

Այս վիճակագրությունը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնող գույքերը, որոնք այժմ կապարակնքված են, ի՞նչ հիմքով են կապարակնքվել:

«Լրացուցիչ ապացուցման կարիք ունի՞ այն, որ ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձը կամ նրա ընտանիքը 200, 300, 400 մլն դոլարի ունեցվածք ունի:

Ես 8 տարի է՝ վարչապետ եմ, ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ, այսինքն՝ դուք խելոք եք, մենք՝ ոչ այնքա՞ն: Ի՞նչ եք ուզում ասել։ Հեսա կտեսնենք՝ ով է խելոքը: Այ տենց տմբտմբացրեք գլուխներդ: Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք: Հագներիցդ հանելու ենք կախած վիճակում:

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն և այլ դատարաններին, ինձ համար ակնհայտ է, որ դատաիրավական համակարգը պատշաճ արագությամբ և էֆեկտիվությամբ չի գործում և պետք է էֆեկտիվ գործի:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի նման թալանչիների ձեռքներից ոչ միայն մինչև վերջին կոպեկը առնելու ենք, այլև պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության, այդ թվում՝ մարտի 1-ի և մյուս հանցագործությունների համար»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ