Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը. այս մասին նշված է երկրամասի խորհրդարանի կայքում։
Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ին Հեսսենի երկրամասային խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը հանդիսավոր արարողության ընթացքում Հեսսենի խաղաղության մրցանակը կհանձնի Նիկոլ Փաշինյանին։

«Մրցանակակիրը, որպես 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը, ճանապարհ հարթեց դեպի խորհրդարանական ընտրություններ և այդ ժամանակվանից ի վեր, որպես վարչապետ, երկիրը տանում է դեպի Եվրոպա՝ խաղաղության հաստատմանն ուղղված ճանապարհով։ Միաժամանակ, ԱՄՆ-ի աջակցությամբ, նրան հաջողվեց 2025 թվականի օգոստոսին հարևան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին ընդունել խաղաղության հռչակագիր»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը գրառում կկատարի Հեսսենի երկրամասային խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Ելույթով հանդես կգա Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ, Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատում կհանդիպի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, կայցելի նաև Դարմշտադտում գտնվող Ֆրաունհոֆերի՝ Կառուցվածքների ամրության և համակարգերի հուսալիության LBF ինստիտուտ, որտեղ կծանոթանա ջրածնի հետ կապված հետազոտություններին։

Հեսսենի խաղաղության մրցանակը շնորհվում է խաղաղության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ուղղությամբ նշանակալի ներդրում ունեցած անձանց։ Մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ, իսկ առաջին անգամ շնորհվել է 1994 թվականին։ Մրցանակի դրամական արժեքը կազմում է 25 հազար եվրո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ