ՔՊ վարչությունը քննարկել է Հայկ Սարգսյանի հարցը, չի բացառվում՝ նրան հեռացնեն կուսակցությունից․ Հակոբյան

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանւ ճեպազրույցում չի բացառել, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։

Հակոբյանն այսօր մանրամասնել է՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։

«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում», — ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Սարգսյանի դեպքում ամենամտահոգիչ հարցերից մեկը կուսակցության բարի համբավին վնասող վարքագիծն ու կուսակիցների հասցեին հնչեցրած, իրենց գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններն են։ Հակոբյանը հիշեցրել է նաև, որ Սարգսյանը նախկինում մի քանի անգամ խիստ նկատողություն է ստացել կուսակցությունից։

Հարցին՝ հնարավո՞ր է Սարգսյանին հեռացնեն ՔՊ-ից, Հակոբյանը պատասխանեց, որ նման դեպքեր նախկինում եղել են և նման հարց կարող է բարձրացվել, սակայն վերջնական որոշման համար քննարկումները դեռ պետք է շարունակվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ