Գյումրին իր պատմությունը պահած քաղաք է, անցյալը տեսանելի է ամեն քայլափոխի․ Շիրակի մարզպետը՝ Ֆրանսիայի դեսպանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ շրջել է քաղաքի կենտրոնում՝ դեսպանին ներկայացնելով Գյումրու հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունն ու քաղաքի ինքնատիպ դիմագիծը, ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում զրուցել, շփվել բնակիչների հետ։

Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, քայլելով Գյումրու հին փողոցներով՝ Դավիթ Առուշանյանը դեսպանին պատմել է քաղաքի անցյալի, նրա ձևավորման ու զարգացման, ճարտարապետական առանձնահատկությունների մասին։ Շրջայցի ընթացքում խոսվել է նաև Գյումրու՝ որպես պատմական միջավայրը պահպանած և այդ ժառանգությունը նոր սերունդներին փոխանցող քաղաքի մասին։

«Գյումրին իր պատմությունը պահած քաղաք է։ Այստեղ անցյալը տեսանելի է ամեն քայլափոխի՝ հին տուֆակերտ շենքերում, պատշգամբներում, փողոցների դասավորության ու քաղաքի պահպանված ճարտարապետական միջավայրի մեջ։ Սա մեր պատմական դիմագիծն է, մեր ինքնության կարևոր մասը, և մենք պարտավոր ենք պահպանել այն ու նոր կյանք հաղորդել՝ Գյումրու զարգացմանն ու ճանաչելիությանն ուղղված ծրագրերի միջոցով»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Գյումրու կենտրոնում մարզպետը Ֆլորիան Էսկյուդիեին ներկայացրել է նաև «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը՝ նշելով, որ 1980 թվականին հիմնադրված «Կումայրի» արգելոց-թանգարանը ներառում է Գյումրու պատմական միջուկը և տարածքում պահպանվում է քաղաքի պատմական կառուցապատումը, փողոցային հին ցանցը և բազմաթիվ պատմամշակութային ու ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցներ, որոնք ամբողջության մեջ ձևավորում են Գյումրու անկրկնելի քաղաքային միջավայրը։

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին՝ ջերմ հյուրընկալության և զբաղված աշխատանքային գրաֆիկում ժամանակ հատկացնելու, անձամբ քաղաքը ներկայացնելու համար։

Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է նաև այն տպավորությունը, որը ստացել է Դավիթ Առուշանյանի՝ Գյումրու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, Գյումրին ճանաչելուց, քաղաքը սիրելուց և այն նվիրվածությամբ ու ոգևորությամբ, որ ներկայացնում է Գյումրու պատմությունն ու արժեքները։

Դեսպանն ու մարզպետն այցելել են նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։ Նրանք շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ներկայավող ցուցադրությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ