![]()
Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է անձին թրաֆիքինգի ենթարկելու համար։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ. Մ.-ի կողմից Վ. Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները:
Մասնավորապես նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Ս.-ն, 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն, որպես այդպիսին, աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ. Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:
Ըստ Գ. Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը, և Վ. Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են:
Այսպիսով, Վ. Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր՝ առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ. Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում Գ. Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել:
Վ. Ս.-ն, ծանր աշխատանքից դրդված, մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ. Մ.-ն, հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել:
Գ. Մ.-ն Վ. Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()