Էս մարդկանց համազգային նպատակը Կալուգայից եկած ФСБ-ի անձնագրով իրենց առաջնորդին վարչապետ կարգելն է․ Չախոյան

Կառավարության անդամի երդման տեքստում, սևով սպիտակի վրա գրված է՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության»: Թվում է, թե սրանով ամեն բան ասված է, չկա ու չի կարող գոյություն ունենալ սրանից ավելի վեհ ու ավելի վեր գաղափար, բայց այս դահլիճում կան մարդիկ, ովքեր խնդիրներ են տեսնում և ասում են՝ «համազգային նպատակ» և «հայրենիք» բառերը բացակայում են տեքստում: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Ըստ պատգամավորի՝ Կառավարության անդամի երդման տեքստի իր խմբակցության և Կառավարության առաջարկվող տարբերակում ընդգծված են «համազգային նպատակ» նախադասությունը և «հայրենիք» բառը:

«Հայրենիքը դա Հայաստանի Հանրապետությունն է, իսկ համազգային նպատակը՝ Հայաստանի Հանրապետության հարատևությունն է: Բայց եկեք հասկանանք՝ ինչու են մեր հարգելի գործընկերները խնդիր տեսնում այս տեքստի հետ, որովհետև իրենց նպատակները չեն համընկնում մեր համազգային նպատակների հետ: Իրենց պատկերացրած հայրենիքը մեր պատկերացրած հայրենիքի հետ առնչություն չունի: Մեր պատկերացրած հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Այս մարդկանց պատկերացրած հայրենիքը հասնում է մինչև Ադանա: Այս մարդկանց պատկերացրած համազգային նպատակը՝ դա Կալուգայից ժամանած ФСБ-ի (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն-խմբ.) իրենց առաջնորդին հակասահմանդրական ճանապարհով վարչապետ կարգելն է: Այս մարդկանց համազգային նպատակը կուսակրոնության ուխտը խախտած, վեհարանը զավթած անձին կաթողիկոսական գահին պահելն է: Այստեղ է, որ անջրպետը կա մեր իրենց միջև: Այստեղ է, որ մեր համազգային նպատակները և հայրենիք գաղափարները տարբերվում են իրենցից»,-ասաց Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ