Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան

«Գյումրիում ունենք անիշխանություն, այսինքն՝ այն մարդիկ, որոնք այս պահի դրությամբ փաստացիորեն քաղաքն են կառավարում, այդ կառավարումը ձախողել են: Արտահերթ ընտրությունները հրամայական են, բայց, բնականաբար, բացառապես օրինական եղանակով»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Առաջիկայում ունենք հերթական ՏԻՄ ընտրությունները գրեթե 40-ից ավելի համայնքներում: Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է ավարտ ունենա, իրավական ինչ-որ եղանակ պետք է գտնվի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ով է իշխող ուժի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Քանի որ չկան հայտարարված ընտրություններ, կարծում եմ՝ որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուի մասին, բայց միանշանակ է այն հանգամանքը, որ Գյումրիում պետք է իշխանափոխություն: Ցավով եմ տեսնում, թե ինչ է կատարվում Գյումրիում»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներին՝ Նազելի Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին հետևել քաղաքապետարանի պաշտոնական էջին, որտեղ ըստ պատգամավորի՝ տարածվում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները:

«Կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս, և այնտեղ տարածվում են անհեթեթ հայտարարություններ, որոնք բոլորի ուշադրությանն են արժանի»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ