Թող կողմնորոշվեն՝ ՀԱՊԿ-ին ունեն հարցեր, թե՝ մեզ․ ՀԱՊԿ-ը որպես գործոն, չկա ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում

Մենք պատշաճ պատասխանում ենք ամեն ինչին՝ ըստ պատշաճության, ըստ պատեհության, և ըստ Հայաստանի Հանրապետության շահի։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե ՀՀ իշխանությունը Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հայտարարություններին պատշաճ չի արձագանքում։

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հարցադրումներին՝ ՀԱՊԿ-ի հետ կապված, թե իրենք էլ ունեն հարցեր՝ Ռուբինյանն ասաց՝ եթե ունեն ՀԱՊԿ-ին հարցեր, թող այդ հարցերը ՀԱՊԿ-ին տան, ոչ թե իրենց։

«Թող մի հատ կողմնորոշվեն, ՀԱՊԿ-ի՞ն ունեն հարցեր, թե՝ մեզ։

ՀԱՊԿ-ը որպես գործոն, այսօր չկա Հայաստանի Հանրաետության անվտանգության ապահովման գործում։ Հետևաբար, գործոնի բացակայությունը հնարավոր չէ փոխարինել ոչ մի բանով։

Ոչինչը ոչնչով հնարավոր չէ փոխարինել։

2022-ին, երբ որ հարձակում տեղի ունեցավ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ՀԱՊԿ-ի գործոնը 0-ից 100 բալային համակարգով, իր ազդեցությունն իրավիճակի վրա գնահատում եմ զրո»,- ասաց Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի, ՀՀ-ի անվտանգության բացը եկել է խաղաղության բացակայությունից, և ստեղծված այն իրավիճակից, որ մեր անվտանգությունը պետք է կախված լիներ մեկ կենտրոնից, որը անհրաժեշտության պահին պետք է գործեր, բայց հետագայում պարզ դարձավ, որ չգործեց։

«Այս հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ չեն լինելու ներվայնացնող թեմաներ, իհարկե լինելու են և կան, լինելու են հայտարարություններ, որ քո ինքնությունը եռում է մեջդ, բայց ո՞նց պետք է մենք սրան վերաբերենք, գնահատական տա՞նք, տանք, բայց արդյոք դա նշանակում է, որ վերջ, այսքան ծանր ջանքերի, հազարավոր զոհերի, լիտրերով արյան գնով ինչ ձեռք ենք բերել վերցնենք, գցենք ջուրը, ասենք վերջ, մի բան են ասել, մեր դուրը չի եկել, ուրեմն խաղաղություն չի։ 30 տարի տևած հակամարտությունից հետո 2,5 տարի է, որ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չի եղել, սահմանին կրակոց չի եղել։

Սա խաղաղությունն է, որը ենթադրում է հանգստություն, աշխատանք, ենթադրում է ջանք»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ