Պուտինն է բարձրացրել ռազմաբազայի հարցը. քաղաքական առևտուր է ուզում անել. Բադալյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը կարծում է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հետաքրքիր դիսկուրս է բացել պատմական բոլոր փաստերը վեր հանելու և մշակութային քննարկումներ ծավալելու համար:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ Ղարաբաղ այցին և հայկական մշակութային ժառանգությունը ծաղրելուն:

«Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է արձագանքի կաթողիկոսը (-խմբ. նկատի ունի Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան)՝ ներկայացնելով պատմական փաստերը»,- ասում է Բադալյանը՝ միաժամանակ հավելելով. «Ցանկացած արտահայտություն դատապարտում եմ, որը վնասում է խաղաղության գործընթացին»:

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը վճռական է և ամեն բան անելու է, որ հասնի վերջնական խաղաղությանը:

Խոսելով Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցից և օլիգարխ Սամվել Կարապետյանի այն հայտարարությունից, որ եթե այն դուրս բերվի ՀՀ-ից, Հայաստանը կմնա անտեր, իշխող ուժի անդամը ընդգծում է. «Ռազմաբազայի հարցը մենք պաշտոնապես օրակարգ չենք բերել, Պուտինն է սկսել խոսել այդ մասին: Իմ դիտարկմամբ՝ այն ավելի շատ ունի քաղաքական նշանակություն, քան ֆունկցիոնալ: Մենք մեր սահմաններում ունեցանք ներխուժում, և ռազմաբազան ոչինչ չարեց: Քաղաքական առևտուր անելու համար են թեման բարձրացնում: Մեր տերը անկախությունն ու պետականությունն են, ոչ թե ինչ-որ մի երկիր»:

Լուսինե Բադալյանը կարծում է, որ ընդդիմությունը սպասարկում է այլ պետության շահեր (-խմբ. նկատի ունի ՌԴ-ին):

«ՀՀ ընդդիմությունը ուս ուսի տված ՌԴ ղեկավարության հետ ռազմաբազայի հարցը օգտագործում է ՀՀ-ում իշխանափոխություն անելու համար, բայց սա այն հարցը չէ, որ մեզ ու ՀՀ-ին կարող է շեղել իր ճանապարհից»,- շեշտում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ