![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը կարծում է, որ նախկին իշխանությունների կառավարման տարիներին որևէ մեկին չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում կրթական ոլորտում:
«Ինչ ունեինք մենք մեր դպրոցներում մինչև 2018 թվականը, անգամ սովորական լաբորատորիաներ չկային, որտեղ երեխաները փորձեր անեին: Իսկ մեր իշխանությունը որդեգրել է դպրոցաշինության ճանապարհը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է նա՝ անդրադառնալով PISA (Program for International Student Assessment) միջազգային հետազոտության՝ ՀՀ-ի կրթության համակարգին առնչվող գնահատականին:
Մեկնաբանելով ընդդիմության կողմից հնչող քննադատությունները՝ Երեմյանն ասում է. «Տգետ ընդդիմությունը թող վերադառնա և տեսնի՝ ինչ ժառանգություն է թողել կրթական ոլորտում: Մենք բոլորս նույն պետության բնակիչներ ենք և շատ լավ գիտենք, թե ինչ էր կատարվում կրթական ոլորտում»:
Խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ Ղարաբաղ այցի մասին, որում նա հայկական մշակութային ժառանգությունը ծաղրել է, պատգամավորն ասում է. «Լռելն ավելի մեծ զենք է, եթե հոգ չտանենք խաղաղության մասին, կունենանք այն, ինչ ունեցել ենք: Խաղաղությունը նորածին է, պետք է հոգ տանենք: Իսկ խաղաղությունն ակնհայտ է, որ կա, զինվորը ապահով է, սահմանին զենքերը չեն կրակում, ծնողները հանգիստ քնում են»:
Ինչ վերաբերում է օլիգարխ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս գա, հայ ժողովուրդը կմնա անտեր, իշխող ուժի անդամը ընդգծում է. «Ես իմ պետության մեջ երբեք անտեր չեմ զգացել: Մեր քաղաքացիների շրջանում ռազմաբազայի հետ կապված խուճապ չեմ տեսնում, խուճապը որոշ քաղաքական շրջանակների մոտ է»:
Երեմյանը համոզված է, որ ՀՀ վարչապետից լավ ոչ մեկը լավ չի տիրապետում իրավիճակին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()