![]()
Ոչ մի երկիր չպետք է իր տարածքն օգտագործի մեկ այլ երկրի սպառնալու կամ նրա վրա հարձակվելու համար։ Այս մասին Նյու Դելիում կայացած BRICS-ի առաջնորդների փակ նիստում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ISNA-ն։
Նրա խոսքով՝ ցանկացած կառավարման համակարգի վստահելիությունը կախված է բոլոր երկրների՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, իրավունքների պաշտպանության կարողությունից։
Փեզեշքիանը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ի վիճակի չէ լիարժեք պաշտպանել պետություններին ուժի ապօրինի կիրառումից, իսկ միջազգային կանոնները որոշ երկրների համար պարտադիր են, մինչդեռ մյուսների դեպքում ենթակա են մեկնաբանության։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն այս իրողությունը զգացել է սեփական փորձով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ»,— ասել է Իրանի նախագահը։
Նա ներկայացրել է ներառական գլոբալ կառավարման չորս հիմնական սյուները՝ երկրների ինքնիշխանության նկատմամբ հավասար հարգանք և միջազգային իրավունքի ոչ խտրական կիրառում, գլոբալ կառավարման կառույցների բարեփոխում, բազմակողմանիության վերածում գործնական քայլերի և միակողմանի պատժամիջոցներին գործնական ու լուրջ հակազդեցություն։
Փեզեշքիանի համոզմամբ՝ BRICS-ը կարող է հասնել իր նպատակներին, այդ թվում՝ արդարության վրա հիմնված միջազգային կարգի ձևավորմանը, եթե կարողանա հաղթահարել նաև խմբի ներսում առկա մարտահրավերները։
![]()