![]()
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում պարտվել է Գրիգոր Տեր-Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Դատարանը հայցը բավարարել է մասնակի: Վճռում ասվում է.
«Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Մեսրոպ Գևորգի Մանուկյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին բավարարել մասնակի:
Պարտավորեցնել Մեսրոպ Գևորգի Մանուկյանին հրապարակայնորեն, բոլորի համար հասանելի կարգավիճակով (ռեժիմով՝ public), հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ հրապարակելով հետևյալ տեքստը՝ «Ես՝ Մեսրոպ Մանուկյանս, հրապակայնորեն հերքում եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իմ օգտահաշվի միջոցով 2026 թվականի հունվարի 08-ին հրապարակված՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» վերտառությամբ տեսանյութում Գրիգոր Տեր-Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող և զրպարտություն պարունակող բոլոր փաստերն ու տվյալները, մասնավորապես այն, որ նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»:
Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել ընդհանուր 300 հազար դրամ (յուրաքանչյուրին 150 հազար ՀՀ դրամ)՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Հայցը մնացած մասով մերժել:
Պատասխանող Մեսրոպ Գևորգի Մանուկյանից հօգուտ Գրիգոր Գագիկի Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 29 հազար ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:
![]()