![]()
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատավարությունը:
Նիստին մասնակցում է նաև Խաչատրյանը, որը դատարանի դահլիճում է պատգարակի վրա պառկած, աչքերը՝ փակ, նա չի առարկել տեսանկարահանմանը:
Նիստերի դահլիճում են նաև շտապօգնության աշխատակիցները: Փաստաբանները «խոշտանգում» են համարում ողնաշարի խնդիրներ ունեցող Խաչատրյանի կալանավորումը, այնինչ դատախազությունը պնդում է, թե նախկին պաշտոնյան ի վիճակի է մասնակցել դատական նիստերի ու հարցաքննությունների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր, կալանքի միջնորդություն էր ներկայացվել։
Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիոն 451 հազար ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
ՊԵԿ նախկին նախագահ 70-ամյա Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է:
![]()