![]()
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։
Այս մասին հայտնում է ծառայությունը։
«Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում օպերատիվ արձագանք ստանալու համար կարող եք՝
գրել Ծառայության ֆեյսբուքյան էջին,
զանգահարել Ծառայության զանգերի կենտրոն (84-22)։
Դիմումներ և հարցումներ կարող եք ուղարկել ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ mcs@gov.am։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի համաձայն՝ դիմումը պետք է լինի ստորագրված։
Հետևաբար, դիմումը ՄՔԾ էլեկտրոնային պաշտոնական հասցեին ուղարկելիս անհրաժեշտ է ներկայացնել՝ ստորագրված՝ հստակ շարադրված հարցով, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը։
Պահանջը պայմանավորված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք տեխնիկական հարցերի դեպքում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին չստորագրված դիմումներ չուղարկել, իսկ տեխնիկական աջակցության համար օգտվել նախատեսված կապի միջոցներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()