Ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները սեպտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 52-ամյա բնակիչն իր տանն առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է կեղծ օղի ու կոնյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Տղամարդը հրավիրվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել 52-ամյա տղամարդու՝ Ղուկասյան փողոցում գտնվող տանը։ Իրավապահները հայտնաբերել են տարբեր մակնշումներով 144 շիշ կեղծ օղի, տարբեր տարողություններով 15 շիշ կեղծ կոնյակ, մոտ 60 լիտր օղի, ինչպես նաև խցաններ, դատարկ շշեր և կեղծ ալկոհոլ պատրաստելու համար նախատեսված այլ պարագաներ։

52-ամյա գյումրեցին ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Կատարվում է նախաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ