Հարձակվել է աշխատակցի վրա և հափշտակել 50 հազար դրամ․ 36-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գործող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 6-ին․ մի տղամարդ, հարմարեցված գործիքով բացելով սրահի պատուհանը, ներս էր մտել և, հանդիպելով աշխատակցի դիմադրությանը, նրա ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Չարագործը փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն, չհաջողելով, դիմել էր փախուստի։

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համատեղ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագորեն բացահայտվել է։ Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա մի տղամարդ և ներկայացվել նախաքննական մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ