Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վիզուալիզացրել են հնագույն Հայկական թաղամասի պատմությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Մայրաքաղաքում իրականացվում է «Կորսված Կիև» («Втрачений Київ») պատմալուսավորչական նախագիծը, որի շրջանակներում Պոդոլ թաղամասում հայտնվել են նոր տեղեկատվական ցուցանակներ: Դրանք նշում են հնամենի Հայկական թաղամասի պատմական սահմանները (XIV–XVII դդ.) և Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցու տեղակայումը:

Ծրագրի նախաձեռնողներն են Կիևի քաղաքային պետական վարչակազմի (ԿՔՊՎ) Մշակութային ժառանգության պահպանության դեպարտամենտը, «Հին Կիև» պետական պատմաճարտարապետական արգելոցը, Հնագիտական առարկաների կոնսերվացման կենտրոնը և «Ուկրաինա ինկոգնիտա» հասարակական կազմակերպությունը: Ավելի վաղ նախագծի շրջանակներում Պոդոլում արդեն նշվել էին կորսված այլ սրբավայրեր՝ Բրատսկի վանքի Աստվածհայտնության տաճարը Կոնտրակտովայա հրապարակում և Հարության եկեղեցին Խորիվա նրբանցքում:

Փողոցային կողմնորոշման նոր տարրերը քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթացնում են Կիևի բազմամշակութային անցյալի հետ: Տեղեկատվական սյուներից մեկը պաշտոնապես ֆիքսում է միջնադարյան ազգային անկլավի և Պոդոլի հնագույն գերեզմանատան սահմանները: Ցուցանակի տեքստը հղում է անում 1984 թվականի հնագիտական պեղումներին, երբ այստեղ հայտնաբերվել էր տիպիկ հայկական խաչքարերով և մինչև XII դար թվագրվող թաղումներով գերեզմանատուն:

Առանձին ցուցանակ է տեղադրվել Պոկրովսկայա փողոցում՝ գործող ուղղափառ եկեղեցու անմիջապես կողքին, որը մատնանշում է բուն տաճարի՝ XIV դարի հնագույն քարե հայկական եկեղեցու ճշգրիտ վայրը: Հնագիտական այս հուշարձանն ուսումնասիրվել է 1975 և 1985 թվականներին, որից հետո հնագույն հիմքերի և խորանի մնացորդները կոնսերվացվել են:

Կողմնորոշման (տեղորոշման) բոլոր տարրերը պատրաստված են միասնական դիզայնով՝ Կիևի քաղաքային պետական վարչակազմի Տուրիզմի և պրոմոցիաների վարչության աջակցությամբ: Պեղումների արխիվային լուսանկարներից և ժամանակակից Կիևի քարտեզի վրա թաղամասի սահմանների համադրման գրաֆիկական սխեմաներից բացի, «Կորսված Կիև» նախագծի ցուցանակները համալրված են QR կոդերով՝ մանրամասն պատմական տեղեկություններ պարունակող էլեկտրոնային ռեսուրսներին անցնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ