46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել նոր տվյալներ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց անօրինական արարքների վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող 46-ամյա մի տղամարդ Վանաձորի 25-ամյա բնակչի հետ ստեղծել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում և տարիներ շարունակ նախապատրաստել ու կատարել տարբեր հանցագործություններ։

Քրեական ոստիկանների հետագա միջոցառումներով հիմնավորվել են նոր դրվագներ, ի հայտ են եկել քրեական ենթամշակույթ կրող այլ անձանց վերաբերյալ տվյալներ։

Պարզվել է, որ կալանավայրում գտնվող 46-ամյա տղամարդու որդին հոր միջնորդությամբ, անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով մասնավոր հարցերին առնչվող խնդիրներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ճանաչված վարքագծի կանոններին համապատասխան լուծում տալու համար դիմել է տնային կալանքում գտնվող Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ, քրեական ենթամշակույթի բարքերին համապատասխան, միջամտել է վեճին։

Մեկ այլ դրվագով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի անձ տեղակացել է մեկ այլ անձի կողմից կատարված գործողության մասին, որն, այսպես ասած, հակասում է քրեական ենթամշակույթի բարքերին։ Նա դիմել է նույն Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ հարցը լուծել է՝ դիմելով Վրաստանի բնակիչ քրեական ենթամշակույթի մի ներկայացուցչի։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ 46 և 25-ամյա անձինք կալանավորված են։

Շարունակվում է նաև իրավապահների հետևողական պայքարը քրեական ենթամշակույթի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ