Եվս մեկ հեղափոխություն անելու մասին վարչապետի դիտարկումն ուներ կոնկրետ թիրախ

Եթե ընդդիմությունը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունը ու փորձի փոքրիկ չարաճճիություններ անել, մենք դա կանխելու ենք։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով՝ ՔՊ-ն ունի իր հստակ քաղաքական օրակարգն ու բոլոր ջանքերն ուղղելու է այն իրագործելու համար։

Ի պատասխան հարցի՝ արդյոք ընդդիմությունը աշնանային նստաշրջանի ընթացքում հավատարիմ կմնա՞ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ելույթներ ունենալիս, բանավիճելիս լինել բարեկիրթ, ՔՊ խմբակցության պատգամավորը նկատեց. «Ձեռք բերված պայմանավորվածությունը փոքրիշատե պահվում էր լիագումար նիստերի դահլիճում, իսկ դահլիճից դուրս ականատես ենք եղել խայտառակ հարցազրույցների, մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների, որոնք ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում չեն տեղավորվել։ Կարիք կա, որ մեր ընդդիմադիր գործընկերները պարզաբանեն՝ մեր կողմից առաջարկված բարեկրթության նշաձողին հավատարիմ մնալը գործելու է միայն ԱԺ պատերից նե՞րս։ Որովհետև մենք վերջին շրջանում ականատես ենք լինում այնպիսի հարցազրույցների, որոնք խիստ անձնավորված են, պիտակավորում են՝ այդ թվում մեր գործընկերներին, և բնականաբար դա մեր կողմից չի հանդուրժվելու և կանխվելու է»։ Ինչ վերաբերում է ընդդիմության մշտական՝ իշխանափոխության օրակարգի աշնանային վերաթարմացմանը՝ կանխելու իշխանության կողմից առաջիկայում իբրև թե կատարվելիք կենսական զիջումները, կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը նկատեց՝ ընդդիմությունը ոչ բավարար կարողություն, ոչ էլ ունակություններ ունի իշխանափոխություն անելու համար։ «Իրենք իրենց մտացածին կառավարության նիստերը կարող են շարունակել, որոշների կարգել նախարարներ, փոխվարչապետներ և իրենց փառահեղ վարչապետի գլխավորությամբ կարող են ինչ-որ օրակարգեր ձևավորել՝ պատրանք ձևավորելով, թե կա իշխանափոխության պահանջ»։ Այնինչ, ըստ Բաղդասարյանի, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ-ում չկա իշխանափոխության հասունացած պահանջ։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին առաջիկա հանդիպումից, որը որոշ վերլուծաբաններ համարում են ՀՀ-ի լինել-չլինելը վճռող հանդիպում, Նազելի Բաղդասարյանն իր դիտարկումները ներկայացրեց. «Ինչպես նախորդ բոլոր հանդիպումների ժամանակ, այս հանդիպման ժամանակ ևս ՀՀ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, առաջ է մղում ՀՀ-ի շահը։ Բնականաբար հանդիպումը կարևոր նշանակություն ունի, բայց այն ակնկալիքները, ձևակերպումները, թե ՀՀ-ի լինելիության հարցն է քննարկվելու, չափազանցված են։ Մենք մեր պետականության՝ լինելիության հարցը վաղուց արդեն լուծել ենք։ Այս հերթական բարձր մակարդակի հանդիպումն էլ բաց է լինելու՝ տեսախցիկների առջև, հետևապես մեր հանրությունը կարող է իրազեկվել դրա բովանդակությանը, ՀՀ վարչապետի դիրքորոշումներին։ Մենք որևէ զիջման տեղ չունենք։ ՀՀ-ի լինելիությունը ոչ թե կախված է այս կամ այն գերտերությունից, այլ բացառապես ՀՀ քաղաքացուց, որն ընտրություններում իր վճռորոշ խոսքն արդեն ասել է»։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի մնալ-չմնալու վերաբերյալ որոշմանը, որը պետք է կայացվի դեկտեմբերին՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից, ապա Նազելի Բաղդասարյանը նկատեց՝ այդ կառույցին ինչպես անդամակցելու, այնպես էլ դրանից դուրս գալու հստակ ընթացակարգեր կան. «Եվ այս համատեքստում ՀՀ-ն, կարծում եմ, մտածելու, անհանգստանալու կարիք չունի»։

Նազելի Բաղդասարյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձել ենք նաև ևս մեկ հեղափոխություն անելու ՀՀ վարչապետի հայտարարությանը, դրա թիրախներին և այլ հարցերի։

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ