Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները․ Գասպարյան

«Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

«Կարևոր են ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»,- նշել է Գասպարյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն՝ խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են, փոխնախարարը պատասխանել է.

«Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:

Գասպարյանն ընդգծել է, որ «փորձում են ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործել, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»:

«Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմները աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք»,- ասել է նա:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

«Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, իրենք պետք է լինեն բարձր արտադրանքի, բարձր որակավորման ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ: Եվ այդ առումով, իհարկե, մենք միշտ ունենալու ենք այն առաջնահերթությունը, որ պետք է բարձրացնել որակ, ստանդարտներ, ավելի բարձր ստանդարտներ ունենալ»,- հավելել է Գասպարյանը:

Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասել է. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել՝ նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ