![]()
««Երևանտրանս» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, սա, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու կողմից «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման որոշման»:
Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով ավագանու որոշման համապատասխան նախագիծը։
Նրա խոսքով՝ այս որոշման քննարկումը պայմանավորված է նրանով, որ հանրության շրջանում լայնորեն քննարկվում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի արդյունավետության և Երևան քաղաքի երթևեկության առաջ ծառացած մարտահրավերների հարցը:
«Այս առիթը օգտագործելով ցանկանում եմ որոշակի ինֆորմացիա հայտնել, թե Երևան քաղաքի քաղաքային իշխանության կողմից և, մասնավորապես, Երևան քաղաքի իրավիճակի կառավարման կենտրոնի կողմից, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում առաջիկայում։
Երևան քաղաքի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևան քաղաքի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։
Առաջնային աշխատանքը, որը իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել, ուզում եմ նշել, դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։ Բնականաբար, դրանց շրջանակը և ընդգրկվածությունը շարունակաբար ավելանալու է»,- ասել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այդ նպատակով Երևանում համապատասխան տեսախցիկների կտեղադրվեն, ինչի համար արդեն հայտարարված է համապատասխան մրցույթի 2-րդ փուլը։
«Տեսախցիկների միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը, որը ցավոք սրտի՝ ամբողջությամբ չէ արդիական և էական արդիականացման կարիք ունի, բայց անգամ գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի որոշակի փոփոխություններ, էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն»,- նշել է փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք։ Միաժամանակ, քննարկման է ներկայացվում ևս մեկ նախագիծ, որով նախատեսվում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիներ ստեղծել։
«Երևան քաղաքի տրաֆիկը, հոսքը չի ձևավորվում բացառապես Երևան քաղաքի բնակիչների և Երևան քաղաքում բնակվող, գործունեություն ծավալող անձանց կողմից, այլ նաև հարակից բնակավայրերից, այլ մարզերից Երևան ամենօր եկող մեր քաղաքացիներից։
Տրամաբանությունը, որի ուղղությամբ շարժվում է Երևան քաղաքի իշխանությունը այս առումով այն է, որ պետք է հիմնական արագ տեղափոխման միջոցը լինի հանրային տրանսպորտը, որի արագ տեղափոխությունը ապահովելու համար հիմնական երկու ուղղություն է իրականացվում, դա ավտոբուսային առանձնացված լրացուցիչ գծերի ուղղությամբ աշխատանքն է և լրացուցիչ շարժակազմի ձեռք բերման աշխատանքը»,-մանրամասնել է Սուրեն Գրիգորյանը։
![]()