Մեքենայով տեղափոխել են ապօրինի պահվող 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և այլ զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին քրեական ոստիկանները ձերբակալել են 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին դատարանի որոշմամբ՝ խուզարկություն է կատարվել 59-ամյա տղամարդու ազգականի վարած ավտոմեքենայում։ Հետևի նստարանին դրված պարկերում հայտնաբերվել են հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ