Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ Երևանում և մարզերում․ քննարկվել են նախապատրաստական աշխատանքները

Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 35-ամյակը: Ի նշանավորումն հոբելյանական տարվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հանրապետության 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում, սեպտեմբերի 17-ից նախատեսվում են մեծամասշտաբ համերգային միջոցառումներ, իսկ սեպտեմբերի 21-ին տոնակատարությունները կամփոփվեն Երևանում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ տարբեր գերատեսչությունների և միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Քննարկվել են միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների պատշաճ անցկացումը՝ շեշտելով, որ պետականության տոնին նվիրված ծրագիրը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր բնակչի։ Հանդիպմանը քննարկվել է միասնական բրենդավորմամբ հանդես գալու, լայն իրազեկման, գերատեսչությունների ու կազմակերպիչների համատեղ ու համակարգված աշխատանքի հարցը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է միջոցառումների անցկացման ժամանակացույցը, տեղավայրերը, կազմակերպական աշխատանքների ընթացը: Ըստ այդմ՝ միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանից, հաջորդ համերգը նախատեսված է սեպտեմբերի 18-ին Վանաձորում, սեպտեմբերի 19-ին՝ Կապանում, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Գյումրիում։

Ամփոփիչ և գլխավոր միջոցառումը տեղի կունենա Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում՝ շուրջ 250 արտիստների ներգրավմամբ: Բոլոր համերգները կամփոփվեն հոբելյանական հրավառությամբ:

Համերգների նախապատրաստական աշխատանքները՝ սկսած բեմի կազմակերպումից մինչև համերգային փորձեր, կսկսվեն միջոցառումներին նախորդող օրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ