Եռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացները

Արդեն 2 օր է՝ համաշխարհային հեղինակավոր լրատվամաիջոցների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի միջնորդ-բանագնացների այցերն են դեպի Ռուսաստան և Ուկրաինա՝ կազմակերպված հակամարտության կարգավորման համար:

Թե ինչ ծրագրով ու առաջարկներով են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել Մոսկվա, հետո՝ ուղևորվել Կիև, դեռ այնքան էլ հայտնի չէ, սակայան պարզ է, որ այս միջնորդությունը փոքր-ինչ տարբերվում նախորդներից:

Նախ՝ այն պատճառով, որ 2 երկրի նախագահներին հաջողվել է առաջին անգամ համաձայնության հասնել մեկ ընդհանուր հարցի շուրջ. ինչպես հայտնի է, կողմերը համաձայնել են եռօրյա կարճ զինադադար հաստատել՝ խոստանալով չհարվածել մայրաքաղաքներ Մոսկվային ու Կիևին, քանի դեռ ամերիկացի բանագնացները չեն ավարտել աշխատանքները:

Թե ինչ են խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ի բանակցողները, դեռևս հրապարակված չէ, սակայն նախօրեին տեղի ունեցած Պուտին-Ուիթքոֆ-Քուշներ հանդիպման մանրամասները հայտնի են:

Միջազգային մամուլը վերլուծել է բանակցությունները՝ նշելով ինչպես զրույցների տեղի ունենալու յուրահատուկ մթնոլորտը, այնպես էլ կողմերի կողմից բարձրացված լրացուցիչ հարցերը։

«Reuters»-ը շտապել է հիասթափեցնող եզրակացության գալ արդյունքի վերաբերյալ բանակցություններից անմիջապես հետո՝ նույնիսկ ընդգծելով այն իր վերնագրում. «Կրեմլը ուկրաինական կողմի հետ ամերիկյան դեսպանների մասնակցությամբ բանակցությունները անվանել է օգտակար. առաջընթացի նշաններ չկան»։

«The New York Times»-ի հոդվածագիրը որոշել է կենտրոնանալ դրականի վրա և երկու պարբերություն նվիրել բանակցությունների ընթացքում տիրող բարեկամական մթնոլորտի նկարագրությանը.

«Ամերիկացիներին ողջունելուց հետո նախագահ Պուտինը ակնարկել է նրանց առաջ դրված խնդրի բարդության մասին՝ նշելով. «Այսօր մեր առջև ծառացած իրավիճակը, անշուշտ, հեշտ չէ»։

Այնուամենայնիվ, նա նաև հստակեցրել է, որ Սպիտակ տան հետ հարաբերությունները մնում են ջերմ՝ հավելելով. «Թույլ տվեք փոխանցել իմ լավագույն մաղթանքներն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին»։

Քուշները, իր հերթին, Պուտինին դիմավորել է ռուսերեն «շնորհավորում եմ» (с праздником)արտահայտությամբ՝ նկատի ունենալով Մոսկվա քաղաքի օրը, որը նշվել է սեպտեմբերի 5-ին։

Լրագրողը նաև մեջբերել է Կիրիլ Դմիտրիևի գնահատականը հանդիպման վերաբերյալ.

«Ռուսական պետական լրատվական գործակալությունների տվյալներով՝ Կրեմլում տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Ավելի ուշ, Սպիտակ տան հետ ոչ պաշտոնական բանակցությունները վերահսկող Պուտինի դեսպան Կիրիլ Դմիտրիևը այն անվանել է «կարևոր խաղաղարար այց»»:

IFQ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանը համաձայնել է դադարեցնել Կիևի վրա հարձակումները ընդամենը երեք օրով.

«Ռուսաստանը չի համաձայնվել Ուկրաինայի հետ եռօրյա հրադադարի շուրջ՝ մանրամասնելով, որ զինադադարը կտարածվի միայն մայրաքաղաքների վրա հարվածների դադարեցումների շրջանակում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։ Լրատվամիջոցը գրել է, որ Ռուսաստանը 3 օրով դադարեցրել է միայն Կիևի վրա հարվածները, մինչդեռ ուկրաինական կողմը զգալիորեն կրճատել է Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները։

«Ուկրաինական իշխանությունները կոչ են արել ավելի լայն եռօրյա հրադադարի, բայց մենք երբեք նման բանի շուրջ չենք համաձայնել նրանց հետ», — հայտարարել է Պուտինը

Բրիտանական The Guardian թերթը նշել է բանակցությունների համատեքստը.

«Թրամփը հայտարարել է, որ իր փեսան՝ Քուշները, և գործընկեր Ուիթքոոֆը, «առաջարկ են բերում հակամարտությունը դադարեցնելու համար»։

«Հարգելի գործընկերներ, սրտանց ողջունում եմ ձեզ Մոսկվայում։ Իրավիճակը, իհարկե, դժվար է», — դիմել է Պուտինը Կրեմլի շքեղ դահլիճում իր հետ հանդիպման եկած խաղաղության ամերիկացի «դեսպաններին»։

Իսպանական El Pais թերթի լրագրողները ընդգծել են, որ ամերիկյան կողմը երախտագիտություն է հայտնել նախկին ծովային հետևակ Ռոբերտ Գիլմանին ներում շնորհելու համար.

«Ամերիկացի բանագնացներըշնորհակալություն են հայտնել Վլադիմիր Պուտինին նրա վերջին ժեստի համար՝ օգոստոսի 11-ին ձերբակալությանը դիմադրելիս բանտարկության դատապարտված ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանի հանձնման համար՝ առանց որևէ ռուս բանտարկյալ պահանջելու»։

CNN-ի լրագրողները նշել են այն հատուկ ինտոնացիան, որով Սթիվ Ուիթքոֆը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ.

«Ուիթքոֆը նաև ջերմորեն խոսել է՝ վստահեցնելով Պուտինին. «Երբ մենք թոշակի անցնենք, մենք կունենանք զարմանալի պատմություններ, և մեր հանդիպումների հիշողությունները կլինեն դրանցից ամենավառը»։

Կրեմլի բանակցություններում քննարկվել է ոչ միայն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, հաղորդում է The Telegraph-ը:

«Կրեմլի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական հարցեր: Ուշակովը ընդգծել է, որ զրույցը եղել է «բովանդակալից, շատ անկեղծ և կառուցողական», հավելելով, որ Պուտինը դեսպաններին ասել է. «Ռուսաստանը կհասնի իր նպատակներին»:

Washington Post-ը մեջբերել է Ուշակովի խոսքերը բանակցությունների արդյունքների մասին.

«Ուշակովն ասել է, որ Ուիթքոֆըը և Քուշները «ձևակերպել են մի շարք գաղափարներ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ» և խոստացել են «օգտագործել Պուտինից ստացված մեկնաբանությունները» հաջորդ օրը Կիև կատարելիք իրենց այցի ժամանակ»:

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո երկու կողմերն էլ շարունակել են փոխադարձ հարվածներ տեղալ, հաղորդում է Bloomberg-ը:

«Ռուսաստանը և Ուկրաինան գիշերային հարվածների ևս մեկ ալիք են փոխանակել, մինչդեռ ամերիկացի դեսպաններ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը պետք է Մոսկվայից մեկնեին Կիև՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո»:

Ֆրանսիական Le Figaro թերթի լրագրողները հայտնել են, թե որտեղ են գնացել ամերիկացի բանակցողները Կրեմլում Պուտինի հետ հանդիպումից հետո.

«Երկու բանագնացներով ամերիկյան կառավարական ինքնաթիռը, ըստ FlightRadar24-ի, կիրակի վաղ առավոտյան վայրէջք է կատարել Լեհաստանի Ժեշով քաղաքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, ըստ թռիչքների հետևորդ FlightRadar24-ի։

Սովորաբար Ուկրաինա մեկնող բարձրաստիճան պաշտոնյաները գնացքով են մեկնում հարևան երկրներից, քանի որ ուկրաինական օդանավակայանները փակ են հակամարտության սկսվելուց ի վեր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Լեհաստանի տարածքից գնացքով ժամանել էին Կիև՝ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների համար: Սա նրանց առաջին այցն է հունվարից ի վեր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հենց իր երկրում հանդիպման համար:

Կայարանում ամերիկացի բանագնացներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան: Ուիթքոֆն ու Քուշները ավելի ուշ հանդիպել են Զելենսկիի հետ։

Բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպում է ունեցել բանակցային թիմի հետ։ Նա ասել է, որ Կիևը պատրաստել է իր առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հանդիպման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ