102-րդ ռազմաբազան մեզ պե՞տք է արդյոք. տարածք ու հայրենի՞ք, թե՞ պետություն ու ինքնիշխանություն

102-րդ ռազմաբազան մեզ պե՞տք է արդյոք:

Այս թվացյալ պարզ, սակայն իրականում քաղաքակրթվածության մակարդակի, կենդանի շնչավորի ու բանական էակի տարբերությունների մակարդակի հարցը մշտապես ակտուալ է։

Այս դիլեման կանգնել է բոլոր ազգերի առաջ, ոմանց դեպքում՝ հարյուր անգամ, ոմանց դեպքում այն այդպես էլ առկախված է մնում և հիմնովին չի լուծվում՝ դառնալով մղձավանջ ու ազգային ողջ ռեսուրսների քայքայման պատճառ։ Ոմանց դեպքում մեկ անգամ լուծվելուց հետո փոխել է ազգի ու պետականության ողջ ճակատագիրը, իսկ ոմանք, ավելի ծանր կացության մեջ լինելով, մշտապես աճում են այդ մարտահրավերի պատճառով։

Համաշխարհային պատմությունը լեցուն է ազգային ազատագրական պայքարի մասին պատումներով, և բոլոր ազգերն էլ ունեն իրենց հերոսներին ու հերոսական պատմությունները։ Միշտ բոլորը նշում են, որ ընտրել են ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ապրելու ճանապարհը։ Այսինքն՝ «Մահ կամ ազատություն»-ը շատ գեղեցիկ է հնչում, շատ տպավորիչ և այլն։ Իրական կյանքում, սակայն, ամեն ինչ չէ, որ այդքան վարդագույն է։ Թեկուզ տառապանքների ու զրկանքների գնով բոլորը միշտ չէ, որ ընտրել են այս թեզը, բոլորը չէ, որ ընտրելով հաջողել են։ Իհարկե, չհաջողածների պատմությունն էլ շատ զավեշտալի է։ Չհաջողածները կա՛մ այդ մասին գերադասում են լռել, կա՛մ մեղադրում են ողջ աշխարհին, անգամ բնությանը, սակայն գրեթե երբեք ոչ իրենք իրենց, իրենց ազգային հավաքական ներուժին։

Քչերը ձեզ կասեն, որ մեր ազգը այսինչ փուլում փորձեց պայքարել, սակայն համազգային գիտակցություն չկար, ցանկություն չկար դա անելու. հարմարվել էինք, կայսրությունների թևի տակ ապահով էր, հասարակական միտքը ստրկացած էր ու պատրաստ չէր դրան։ Առհասարակ քչերը կխոստովանեն ու ավելի քչերը կիրականացնեն մի ողջ ազգի քառասունամյա թափառման քայլ, որպեսզի ստրուկն իրենց միջից հանեն ու ազատ սերնդին թույլ տան պետականություն հիմնել։ Քչերն են հասկանում դրա խորհուրդն ու իմաստը։

Այս առումով հայ ազգը բացառիկ է իր պատմական փորձով՝ ավելի շատ բացասական, քան դրական փորձով, բայց բացառիկ է, բացառիկ է իր չխոստովանությամբ, իր լռությամբ, իր աղավաղումներով և, այո, նաև իր փայլուն ձեռքբերումներով, որի օրինակները մոռացել է։

Մենք մոռացել ենք, որ միշտ մեր ազատատենչությունը գլուխ է բարձրացրել, ու մենք հաճախ ծանր փորձությունների գնով, սակայն ստրուկ մնալու ցանկություն չենք ունեցել։ Մենք այդ ազատատենչությամբ հիմնեցինք պետականություն Հայկազունի-Երվանդունի տոհմի կողմից, Արտաշես Մեծագործը այդ ազատատենչությամբ հիմնադրեց նոր հայկական պետականությունը։ Այդ ազատատենչությունը բերեց մեզ Հայ առաքելական եկեղեցու առանձին կաթողիկոսության մակարդակ։ Ընդ որում՝ դա արեց նույն ազատատենչության համար ընկած Պապ թագավորը։ Բայց այս պարզ շարադրանքի մեջ կա որոշակի նուրբ փաթեթավորած ու բարդ դիլեմա։ Ամեն ինչ միանգամից այդպես պարզ չէ։ Մենք այս ամենը հիմա հետհայացքով ենք ֆիքսում, իսկ եթե հայտնվեինք այն ժամանակ դեպքերի կիզակետում, արդյոք կհասկանայի՞նք, որ դա ազատության պայքար է, թե՞ մեր անցավ գլուխը ցավի տակ չդնելու համար կհարմարվեինք ու վերջ։

Այո, ինչպես հիմա, այո, այո, հիմա էլ է ազատության պայքար, սակայն հիմա մենք չենք հասկանում դա, ու լավ փաթեթավորված մեզ դեմ են տալիս տարածքի ու հայրենիքի գաղափարը այլոց դրոշի տակ որպես ամենաապահով ճանապարհ։ Մենք հիմա անգամ չենք հասկանում, որ այլոց դրոշի տակ ու ապահով ապրելը, մեղմ ասած, հուսալի չէ, քանի որ կայսրությունները մի հետաքրքիր ու միանման բնավորություն ունեն. նրանք սկզբից քեզ հավատարիմ են համարում, դու էլ սկզբից քեզ շատ հավատարիմ ես պահում, եթե հատկապես այդ կայսրությունը քեզ գերելու պահին հզորացման վերելքի փուլում է։ Այդ փուլերում և՛ ուժերն են անհավասար, և՛ այդ կայսրության գրավչությունն է բարձր։ Սակայն հենց այդտեղից սկսվում են քո ուղեղի ախտահարումը, գենետիկայիդ փչացումը, լեզու, մշակույթ, ավանդույթներ, գումարների վաստակում, ծանոթություն, ընկերություն և այլն։ Դու դառնում ես այդ կայսրության լիարժեք անդամ, քեզ զգում ես ինչ-որ մի մեծ մարմնի մաս, մի մեծ հայրենիքի փոքրիկ կտոր, բայց մեծի հետ ես քեզ ասոցացնում։

Ինչպես վերջերս անկեղծորեն խոստովանում էր խառը ու պրիմիտիվ ժամանակներում մեյմունությունից մինչև մեծ բեմ թռած մի դերասան, սովետական հզոր հայրենիքի քաղաքացի զգալը մի մեծ հպարտություն էր։ Մի՞թե այդպես չէր մեզ համար Բյուզանդիայում, Պարսկական հպատակության տակ, Օսմանյան կայսրության տակ և այլն։ Անգամ Օսմանյան կայսրությունը, որը մեր գիտակցության մեջ մնացել է որպես ամենավատ կայսրությունը հայերի համար, շատ հավատարիմ էինք, նրանք մեզ վատ չէին նայում, մենք ինտեգրվում էինք, բարձրանում վեր, հարստանում և այլն։ Մենք Օսմանյան կայրսրության էլիտաներում ունեինք հնչեղ անուններ։ Օսմանցիք մեզ հավատարիմ էին հայտարարել, իսկ հույներին ու սերբերին՝ ապստամբ։ Մենք Բալկանյան առաջին պատերազմներում ակնհայտ բռնել էինք հավատարիմ մնալու դրոշակը։ Սակայն մինչև օրս մեկը չի խոստովանել՝ խնդիրը նրանում էր, որ հայկական էլիտան լուսավոր չէր։ Հույներն ու Սերբերը արևմտյան եվրոպաներում էին կրթվում, գումար աշխատում, բուրժուազիա ձևավորում և այլն։ Նրանք մեզանից շատ ավելի շուտ բուրժուական ու Ֆրանսիական հեղափոխության լուսավոր դեմքերին էին կարդում։ Այստեղից հերթական հայկական մի խոր ու չխոստովանված ճշմարտություն։

Հայերս լուսավոր ենք եղել, թռիչք ենք կատարել, պետականություն ու մշակույթ ենք զարգացրել, երբ արևմտյան ինտեգրացիայի մեջ ենք եղել։ Արտաշեսը նախ Սելեվկիանների մշակույթի կրողն էր։ Արշակունիներն ու Բագրատունիները հունականի պաշտանմունքով էին ապրում, իսկ գրերի գյուտն ու փառահեղ հինգերորդ դարը հելլենիզմի ուղիղ ազդեցությունն է։ Կիլիկյան Հայաստանը եվրոպական դասական թագավորություն էր։ Այս շարքը կարող է շարունակվել։

Այս մասին չենք սիրում խոսել, քանի որ վերջին երկու հարյուր տարին մեզ իշխողները այս ամենն ուղղակի ատում են։ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակը» 1772-1773թթ. Մադրասում տպագրված իրականում բրիտանական մշակույթի հետևանքն էր, ոչ թե հնդկական։ Մենք արևմտյանի դերը չենք հասկացել դարերի ընթացքում, սակայն միայն վերջին երկու դարի։ Դրանից առաջ շատ լավ հասկացել ենք, դրա համար էլ էլիտաները մեզ վեր են բարձրացրել այդ արևմտյան լուսավորով։ Իրականում հայկական պետականության ու պետական մտածողության ողնաշարը առաջին անգամ կոտրվել է 705թ. Դվինում, երբ արաբները Նախճավանի ու Խրամի եկեղեցում միաժամանակ այրեցին մեր իշխաններին ու նրանց սեպուհներին։

Դրանից հետո շատ երկար ժամանակ պահանջվեց, մինչև ձևավորվեց նոր սերունդ։ Բագրատունիների ու Կիլիկյան Հայաստանի մասին չծավալվենք, սակայն երբ կորցրինք բոլոր պետականություններն ու ընկանք օտարների երկար լծի տակ, մեզ հետ էլ սկսվեց այն, ինչ տեղի է ունենում ցանկացած բանական էակի հետ, կենդանու ու անգամ բույսի. սահմանափակ տարածքն ու լույսը դեգրադացնում են, ծռում են գենետիկան։

Երբ մի քիչ լուսավորվեցինք, պարսկական ու օսմանյան լծից հոգնեցինք ու փորձեցինք անկախության դրոշ պարզել ու մեր ապագան կապել Ռուսիո հետ, իրականում նորից արևմուտքն էր ջահակիրը, քանի որ տվյալ Ռուսիան արևմտյան մշակույթի ներմուծողն էր մեր տարածաշրջան։ Իհարկե, ժամանակի հետ պարզվեց, որ այդ արևմտյան կոչվածը այդքան էլ արևմտյան չէ, ու մենք ավելի լուսավորվելով նորից ձգտեցինք ավելի լուսավորին, սակայն մենք դեռ կվերադառնանք կոնկրետ այդ դեպքին։ Դեռ կմանրամասնենք, թե դա ինչպես եղավ։

Այժմ վերադառնալով նյութի վերնագրի էությանը և մեր նշած հավատարիմ լինելու մղումներին՝ փաստենք մի բան, որ հենց մենք կանգնել ենք դիլեմայի առաջ, ու ազգը, ինչպես բոլոր մյուս ազգերը, բաժանվել է երկու խմբի՝ տարածք ու հայրենիք պահողներ, պետականություն ու ինքնիշխանություն պահողներ, մենք էլ այլոց պես իրար նկատմամբ կիրառել ենք թշնամության ողջ զինանոցը։ Այդպիսի պայքարը միշտ է լինում եղբայրասպան, այդտեղ չկա իլյուզիա։ Սարոյան եղբայրները միակը չէին։ Մերուժան Արծրունին ու Վահան Գողթնացին էլ եզակի չէին։ Եթե Պետրոս Ա Գետադարձի արարքն էլ հստակ անուն է ստացել մեզանում, ապա իրավիճակը բարդ է ավիսնուիջանյանների, ավիսմուղդուսիների ու այլոց դեպքում, որոնք տանսյակ ու հարյուրավոր հայրենակիցներ սպանեցին հանուն մոսկովյան տերերի, սակայն դրանցից մի քանիսի անունով դեռ Երևանում փողոցներ կան։ Եվ երբ ասում ենք՝ փոխեք այդ անունները, ազգանունով հայ, բայց իրականում անհասկանալի ծագմամբ տականքները բոյկոտել են ուզում։

Իհարկե, նրանք իրենց դավաճան չէին համարում, երբ համագործակցում էին մեզ իշխելու եկած տարածաշրջանային հեգեմոնների հետ։ Նրանք միշտ հավատացած են, որ իրենք հանուն ազգի են անում, որ ազգը ավելի մեծ արհավիրքի առաջ է կանգնած, որ անկախականները ավանտյուրիստ են, նրանք չեն հասկանում, որ կկործանվեն, որ հնարավոր չէ դիմադրել պարսիկ կայսրերին, օսմանցի կայսրերին, բյուզանդացի ու հիմա էլ նոր բյուզանդացի զառամյալ կայսրին։ Մանավանդ որ նրանց փորձը վերջին անգամվանն է հղվում, այսինքն՝ հարյուր տարի առաջվան, երբ իրոք չդիմացանք ու նորից ստրկացվեցինք։ Այդ ժամանակ չդիմանալն էլ մի առանձին ողբերգական պատմություն է։

1999թ. անկախության ողկույզի սպանդը կազմակերպած, կամ դրա հետ մարզպանի կարգավիճակի դիմաց համաձայնածը չի կարող ընդունել պետականությունը։ Իր դեպքում այս իշխանություններին ատելը գենետիկական է, նա էությամբ մարզպան է, դրածո, որ սեփական հայրենակիցներին զոհաբերել է անդադար ու իրականում հավատացել, որ մեծերի հետ Տիզբոնում միայն կռացած են խոսում, հետո հետ են գալիս այստեղ ու ստիպում, որ այլք քեզ կռանան. դասական մարզպան, գուբերնատոր, հարկահավաքի հոգեբանություն է։ Նա չի էլ թաքցրել ու չի էլ թաքցնում, որ դա այդպես է։ Նա ազնվորեն ասում է, որ նոր ժամանակների իր երազած տղան մի քիչ մեծ Կադիրովն է։ Ես նրան ու իր սերնդին գրեթե չեմ մեղադրում, դա կորսված սերունդ է, բացառիկ լուսավոր մարդկանց հանած՝ մնացածը կայսրության սազանդարներն են, անգամ թվացյալ անկախական, ֆիդայական երգեր երգող, վեպեր գրողներ կայսրության սազանդարն են։ Եվ եթե հիմա իրենց քանակը շատ է, ու նրանց անարգանքի սյունին չեն գամում, ապա գալու է սերունդ, որ ատելու է իրենց, ինչպես հիմա մեկը կատի Մերուժան Արծրունուն։ Այստեղ մեր հասարակական գիտակցության խնդիրն է հասկանալ, որ բոլոր կայսրությունները, որի կազմում եղել ենք, նույնն են անում առանց սցենարի փոփոխության։ Նույն ձեռագիրը, նույն քայլերը։

  • Նախ, քանի նրանք հզոր են ու վերելքի մեջ, դու չես դիմադրում, նրանք էլ քեզ հավատարիմ են համարում։
  • Ժամանակի հետ նրանք թուլանում են, դու էլ հասունանում ես ու կախված քո հասունացման ու աճի մակարդակից՝ փորձում անկախանալ։
  • Նրանք, տեսնելով, որ դու ուզում ես դուրս պրծնել այդ օղակից, քեզ կոտորում են, հիմնականում ուրիշի ձեռքով, բայց անձամբն էլ դեռ ակտուալ է։ Ուրիշի ձեռամբը լավ հաշվարկ է։ Հասարակական ընկալման մեջ ուրիշը դա հենց նույն կայսրության թշնամին է, որից դու ուզում ես դուրս գալ։ Այդ ժամանակ քո ազգային պսևդոէլիտան, որ առավելագույնս է ինտեգրվել քեզ իշխած կայսրության հետ, սկսում է ներսից քանդել անկախական բոլոր նկրտումները և ապացուցել, որ դուրս գալը հստակ կործանում է։ Թուրք, կոտորած, ցեղասպանություն, մենակ մնալու վախ, փոքր լինելու հանգամանք, անգամ քո կյանքը փառահեղ դարձրած կայսերական ծախսեր։ Ամեն ինչ հիշում են։ Սա լավ սխեմա է, որը ձևավորվել է մի քանի դար ու մի քանի կայսրության փորձով։Յան ազգանունով տականքների պակաս չկա, օտարին գիտակցված թե սովորույթով ծառայողները շարք են կանգնած։ Այնքան երկար են գտնվել մարսողության համակարգում, որ չգիտեն էլ՝ որտեղ է ավելի հարմար։ Իսկ որոշ մարդկանց անձնական կյանքի այս կամ այն դրվագով էլ գերել են, ու նրանք ընտրություն չունեն, մինչև կյանքի վերջը պիտի գոռան ու գոռան։ Առանց ռուսական ռազմաբազայի Թուրքերը կգան, կմտնեն Գյումրի և այլն։ Այս մարդկային կերպարով ստամոքսների մտածողության արգասիքի գոհարներն այնքան շատ են, որ այդքանը չես էլ կարող թվարկել։

Նոր Պապ թագավորին պիտի սևացնեն ու չեն նկատելու, որ ծիծաղելի են դառնում ժամանակի հետ, իրենք ընտրություն չունեն, ինքնասպառմամբ գնալու են մինչև վերջ։ Բարեբախտաբար, սակայն, նույն ատելի արևմուտքի շնորհիվ այսօր տեղեկություններն արագ են հասնում մարդկանց, և մարդիկ ճիշտը սխալից տարբերում են արագ և հասկանում կեղծիքները։

Նույնն էլ ժամանակին արել է հենց Օսմանյան կայսրությունը, որը մինչև 1800թ. առաջին կեսի ավարտը մեզ համարում էր հավատարիմ հպատակ, մենք որևէ հակաօսմանական պատերազմի մասնակից չէինք, մեր էլիտաները բարձր դիրքեր ունեին արքունիքում և այլն։ Սակայն ինչ եղավ, որ փոխվեց ամեն ինչ։ Եվրոպայում հաղթեց լուսավորությունը, մասնավորապես՝ գերմանական, լեհական թագավորություններն ու քաղաք պետությունները վերջապես անցան պարլամենտարիզմին, մասսայական կրթությանն ու լուսավորությանը, Ռուսաց կայսրությունը այդ նույն զարգացումների՝ պետրոսյան առաջընթացի հետևանքով հաղթեց Շվեդիային, իջավ Կովկաս, գրավեց Երևանի խանությունը, հայերի մի մասը հայտնվեց ակնհայտորեն ավելի լուսավոր ռուսական կայսրության լծի տակ։ Նույն ժամանակ օսմանյան կայսրությունն էլ իրականում ուշացրեց բարեփոխումներն ու հետ ընկավ Եվրոպայից։ Այստեղ կա՞ արդյոք մեր մեղքը, որ սկսեցին մեզ կոտորել. թերևս փիլիսոփայական հարց է, որի պատասխանը քննելը երկար գործ է։

Իհարկե, ամեն ինչ բազմաշերտ է, բայց միշտ մեղավոր ենք նախ մենք։ Սակայն այստեղ կա մեկ հստակ օրինաչափություն։ Այն, ինչ թվարկեցինք՝ օսմանյան կայսրությունում սիրելի ու հավատարիմ հպատակից մինչև բալաստ ու թշնամի դառնալը, վերջին հիսուն տարում արել է մեր հաջորդ տերը՝ ռուսական կայսրությունը։ Ի դեպ, անունը ինչ էլ դնենք, դա ռուսական կայսրություն է։ Այսինքն՝ մենք մեղավոր չենք, որ Կարմիր Ռուսաստանը պարտվեց Սառը պատերազմում, մենք ստացանք պետականություն կերտելու հնարավորություն, բայց մեր հարկահավաք մարզպանները ներսում ազգային հիմքը կտրեցին, որ շարունակեն նոր դարի կանոններին հավատարիմ՝ ծառայել օտարին, բայց ձևական առումով պահեն գերբն ու դրոշը, փոշիացնեն մեկ սերնդի թափած արյունը։ Հետո մենք անգամ այդտեղ մեր մեղքերով հանդերձ ընդունեցինք մեր կիսավասալի տեղն ու դերը ու համաձայնեցինք իր նոր պայմաններին, որով նա փորձում էր վերականգնել իր կայսրությունը և մեզ ծախելով՝ ընտրել ավելի հարուստին։ Մենք համաձայնեցինք մնալ տարածք ու հայրենիք, սակայն մենք մեղավոր չենք, որ իր ուժերից վեր բեռ է վերցրել ու քցել ոտքին և հիմա ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ է։ Մենք մեղավոր չենք, որ ցանկացած պահի, երբ նա բարդության մեջ է, մեզ ամենաթույլ օղակ համարելով՝ մանրադրամի տեղ հանձնում է։ Իհարկե, մեղավոր ենք մի բանում, և դա հստակ է, որ մանրադրամ էլ մնացինք։

Պետք է հասկանալ, որ հաճախ փոքրերը, որ անջատվում են նախկին կայսրություններից, ինքնիշխանություն ու պետականություն ընտրում են հենց ճակատագրով. պահն է դա թելադրում։ Եթե կայսրությունը լինում է վերընթացի մեջ, միգուցե ևս այդ ընտրությունը կործանման տանի, սակայն կա նաև հակառակը. երբ կայսրությունը կործանման ու քայքայման փուլում է, ապա նրա պոչին կպած մնալն է տանում կործանման։ Իսկ եթե որևէ մեկը հիմա չի հասկանում ու վստահ չէ, որ այս կայսրությունը մայրամուտ է գնում, դա արդեն անլուծելի է տվյալ մարդու համար։ Դրա համար մի քիչ էլ անալիտիկ միտք է պետք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ