![]()
«Մեր հայ գործընկերներին չի հաջողվում վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ»:
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Իհարկե, նրանց որոշակի փոքր օգնություն է տրամադրվել, բայց դա ոչինչ է այն մեծ և ծանոթ շուկայի համեմատ, որը Ռուսաստանը ներկայացնում է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այս ապրանքներին»,- ասել է Օվերչուկը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հաջողությա՞մբ են պսակվում Հայաստանի փորձերը՝ վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։
Օվերչուկը հավելել է, որ ՌԴ-ն ընդամենը պաշտպանում է սեփական շուկան:
«Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին հրավիրում ենք մեզ հետ համագործակցել այս ուղղությամբ», -ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի դրությամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով մեկնարկել էր Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։ Ռուսական կողմը նշել է, որ անհնար է միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ։
![]()