Փաշինյանի հայերեն ելույթը ազդանշան էր ՀՀ-ի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման, բայց հարգում ենք ընտրությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՇՀԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայերեն ելույթի ժամանակ մտածել է, թե արդյո՞ք նրա խոսքի ռուսերեն թարգմանությունը կապահովվի:

«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, նաև մտածեցի՝ կլինի՞, արդյոք, ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց»,- «ՏԱՍՍ»-ին ասել է Պեսկովը։

Ըստ նրա, Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան է եղել Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու ձգտման մասին։

«Ինչու այդ մասին չէր կարելի հայտարարել հենց ռուսերենով, անկեղծ ասած, մենք չհասկացանք։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Փաշինյանը Բիշքեկում «ՇՀԿ+»-ի նիստում առաջին անգամ ելույթ է ունեցել հայերենով, մինչդեռ նախկինում նման միջազգային միջոցառումներում օգտագործում էր ռուսերենը։

Նա ԱՊՀ երկրների առաջնորդներից միակն է եղել, որը գագաթնաժողովում ելույթ է ունեցել ոչ ռուսերեն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս Փաշինյանի հայերեն ելույթի որոշումը անվանել էր «տարօրինակ»՝ միաժամանակ նշելով, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ