Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և սահմանը բացելու հեռանկարների մասին լրագրողի հարցին։

Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։

Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը ներկայում ևս պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, իսկ սահմանային ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքները հնարավորություն են տալիս սպասարկել մարդկանց, ապրանքներն ու տրանսպորտային միջոցները։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, այս պահին էլ, սահմանի բացմանը։ Դուք տեղյակ եք, որ սահմանային կետերում համապատասխան աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու մեքենաների տեղաշարժը»,- հայտարարել է նա։

Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը հայ-թուրքական սահմանի փուլային բացման վերաբերյալ մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Դրանք վերաբերում են դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն։

«Մենք առաջարկություններ էինք արել՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդկանց հնարավորություն տալ այցելություններ կատարել, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիներին՝ Հայաստանի տարածքով այցելել Թուրքիա։ Այսինքն՝ մի քանի գաղափարներ կան, որոնց մի մասն իրականացման փուլում է»,- ասել է Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը հայ-թուրքական համագործակցության գործնական օրինակների թվում նշել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը և Երևանում անցկացված Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը։

«Նույն Անիի հին կամրջի վերականգնումը համատեղ է իրականացվում։ Հայաստանում հայ-թուրքական մեծ գործարար համաժողով է անցկացվում (սեպտեմբերի 3-4 -խմբ.)։ Սա նույնպես վկայում է, որ մեր համագործակցության մեջ որևէ սահմանափակում չկա, բայց անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և սահմանը բացել»,- ընդգծել է Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ նույն մոտեցումը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին, իսկ ներկայում քննարկվող հարցերից մեկը գործընթացները համատեղ իրականացնելու ժամկետն է։

«Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Այստեղ խնդիրը դա համատեղ իրականացնելու ժամկետն է։ Հիմա պետք է կարողանանք այս գործընթացն առաջ տանել, որովհետև իրականում իրենք էլ են շահագրգռված, մենք էլ ենք շահագրգռված։

Չկա կողմ, որը դեմ է արտահայտվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը կամ բարելավմանը»,- նշել է ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացումը նպաստում է փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և երկու երկրների համապատասխան կառույցների միջև ավելի գործնական համագործակցությանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ