Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ վարչապետը ներկա է գտնվել «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին: Գիրքը 2018 թվականի հայաստանյան թավշյա, ոչ բռնի հեղափոխության ներքին խոհերի, կազմակերպական մանրամասների և պատմական տեղաշարժերի բացառիկ վավերագրություն է: Հեղինակն անձնական փորձի, քաղաքական վերլուծության և փաստերի համադրությամբ բացում է այն դռները, որոնց հետևում ձևավորվեց համաժողովրդական շարժումը։ Գրքում մանրամասն ներկայացված են փողոցի պայքարի մարտավարությունը, քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման դժվարություններն ու հաղթանակի հասնելու որոշիչ հանգրվանները։

68640_b.jpg (728 KB)68638_b.jpg (816 KB)68644_b.jpg (621 KB)

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և մեջբերել Մաո Ցզե Դունի խոսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին. «Այդ մասին վաղ է հետևություն անել»: «2018 թվականին հեղափոխությունից հետո, իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, ի դեպ մինչև վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»,-ասել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ հետևություն անել ընդհանրապես պետք չէ, որովհետև ցանկացած հեղափոխություն հնարավորություն է. «Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետևյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպես է օգտվում և ինչպես է օգտվել: Այսօր էլ է հեղափոխությունը հնարավորություն»:

68648_b.jpg (842 KB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունը հաջողության պատմություն է, ինչի մասին էլ է դեռ վաղ հետևություն անել: «Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետև երբ ասում ենք՝ ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը և ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ համատեքստում հեղափոխությունը հաջողության պատմություն է, քանի որ քաղաքացուն կապել է կյանքի, իրականության հետ:

68655_b.jpg (568 KB)

Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։ «Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ ես 2018 թվականին արդեն վարչապետի պաշտոնում`շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք: Եվ ես ուզում եմ իմ ելույթը ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ