Նոր դարաշրջան. Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է 101-րդ համերգաշարը համաշխարհային պրեմիերայով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը՝ բացելով պատմության նոր էջ: Համերգաշրջանի հանդիսավոր բացմանը սպասվում է համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոու՝ Khachaturian Rooftop-ում: Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքում կթևածի բոլոր ժամանակների ազատության խորհրդանիշ՝ Սպարտակի ըմբոստ ոգին, կդղրդան հռոմեական անողոք մարտակառքերի անիվները և կհյուսվեն Սպարտակի ու Ֆրիգիայի սիրո ու նվիրումի մեղեդիները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն ներկայացնում են համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ ներկայացում: Այս ձևաչափն ինքնին նորարարություն է դասական երաժշտության բնագավառում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմը, արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով, որն իրենից պատմական բլոքբաթեր է ներկայացնում: Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահը:

Սա պարզապես համերգ չէ, այլ երաժշտության և տեսողական արվեստի համադրությամբ ստեղծված նոր ձևաչափ: Նախագիծը հատուկ ստեղծվել է Khachaturian Rooftop-ի բացօթյա հարթակի համար՝ միավորելով կենդանի սիմֆոնիկ երաժշտությունը և մեծակտավ վիզուալ արվեստը:

Banner-Spartacus-World Premiere-Immersive Cinematic Performance-2026.jpg (244 KB)
Անդրդառնալով նախագծին՝ մաեստրո Թոփչյանը նշում է. «Արամ Խաչատրյանի «Սպարտակը» մեր ինքնության, մարդու ազատատենչ ոգու և երաժշտական մտքի ամենահզոր արտահայտություններից մեկն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար միշտ մեծ պատասխանատվություն ու հպարտություն է հնչեցնել այս հանճարեղ ստեղծագործությունը, սակայն այս նախագիծն իսկապես բացառիկ է: Դասական երաժշտությունը կարող է և անհրաժեշտ է, որ քայլի ժամանակին համընթաց: Կենդանի նվագախմբային հնչողության և ժամանակակից արհեստական բանականության ընձեռած վիզուալ հնարավորությունների այս համադրումը բոլորովին նոր իրականություն է ստեղծում: Սա պարզապես համերգ չէ, այլ զգայարանների վրա ազդող տպավորիչ ներկայացում է: Ուրախ եմ, որ New Generation Project-ի ու DJAN AI Studio-ի հետ միասին այս համարձակ նորարարությունն իրագործում ենք հենց Khachaturian Rooftop-ի բացօթյա, տրամադրող միջավայրում: Վստահ եմ՝ մեր ունկնդիրն այս սինեմատիկ ձևաչափի շնորհիվ «Սպարտակը» կբացահայտի միանգամայն նոր ու անսպասելի տեսանկյունից»։

Համերգաշրջանի նշանակալից իրադարձություններից են Երևանյան 18-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, որն ավանդաբար էլ ավելի կհարստանցնի մայրաքաղաքի երաժշտական աշունը: Փառատոնի կմեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին, հռչակավոր դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեի (Ֆրանսիա) և դիրիժոր՝ անվանի մաեստրո Կիրիլ Կարաբիցի (Մեծ Բրիտանիա, Ուկրաինա) մասնակցությամբ համերգով: Կհնչեն Ավետ Տերտերյանի, Յան Սիբելիուսի, Ռավելի և Միրոսլավ Սկորիկի գլուխգործոցները: Փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա նոյեմբերի 14-ին՝ լեգենդար Գրիգորի Սոկոլովի մենահամերգով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ