![]()
«Ռազմաբազային անդրադառնալը չեկիստական ռազվոտկա է, խոսակցությունն իրենց համար ոչ հաճելի թեմայից շեղում են այլ թեմայի: Սա արվում է երկաթուղուց ձեռք չքաշելու համար, 5-րդ շարասյանը, 6-րդ պալատին և մոսկովսկի ցիրկին ասում են՝ ծամծմեք այս թեման, և արդեն տեսնում ենք, որ դա արվում է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, դրանում քննարկված հարցերը, ապա դրան հաջորդած ճեպազրույցում Պուտինի հնչեցրած հայտարարությունները՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ:
«Պուտինը փորձեց խաղադրույքը նվազեցնել, թե ռազմաբազան նշանակություն չունի. ուզում եք հանեք՝ չենք առարկի: ՀՀ-ն այսօր ունի բոլոր խաղաքարտերը ՌԴ-ի հետ այս պարտիան խաղալու, իր համար ցանկալի արդյունք գրանցելու համար՝ անկախ նրանից՝ Պուտինն իրեն որքան կճղի: Մեր սուվերենության շուրջ առևտուր չպետք է թույլ տանք»,- նկատում է նա:
Վերջինիս կարծիքով՝ ռուսները փորձում են ժամանակ ձգել և այնպես անել, որ այդ ժամանակը աշխատի իրենց օգտին, բայց Հայաստանը ժամանակ չունի. «ՌԴ-ն ամեն ինչ անում է երկաթուղուց ձեռք չքաշելու համար: Դիմացինը անմեղսունակ է, Հայաստանը պետք է պատրաստ լինի միակողմանի քայլերով հետապնդի իր շահերը»:
Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից՝ ՌԴ-ն նաև կիրառելու է գազային լծակը. «Ինչ էլ անենք, մեզ բարի աչքով չեն նայելու: Հայաստանը շատ ավելի կոշտ պետք է արձագանքի»:
Կրկին անդրադառնալով երկաթուղու թեմային՝ զրուցակիցը ընդգծում է. «Մենք իրենց սազանդարը չենք, որ ասեն՝ հանրաքվե, մենք էլ ասենք՝ հա: Հերիք ա հայ ժողովրդի անունը տան, ինչ կապ ունեն հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի հետ գործ ունի իր ընտրած լեգիտիմ իշխանությունը, իրենք պետք է գործ ունենան ՀՀ-ի հետ, որի անունը մեռնում են տան»:
Մեհրաբյանը նաև չի պատկերացնում, թե ինչպես է ՀՀ վարչապետը առաջիկայում գնալու ՌԴ, քանի որ ըստ նրա՝ Ռուսաստանի օդը փակ է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()