![]()
«Չպետք է հիմք ընդունենք արտաքին շերտը, պետք է հասկանանք, որ այսբերգը ունի չերևացող մաս: Դա տակտիկական քայլեր էր ՌԴ նախագահից: Ուզում են ցույց տալ, որ ռազմաբազայի հարցը իրենց համար խնդրահարույց չէ, որպեսզի չօգտագործենք բանակցությունների ժամանակ: Սրանով ՀՀ-ին փորձում են զրկել հիմնական խաղաքարտից, այսինքն՝ հերթական քարոզչական ռումբն են փորձում պայթեցնել ՀՀ-ում՝ ծեծված թեման առաջ բերելով: Լուկաշենկոյի ասած՝ «ուր պիտի փախչեք» քարոզչական փուչիկի տրամաբանության մեջ է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, դրանում քննարկված հարցերը, ապա դրան հաջորդած ճեպազրույցում Պուտինի հնչեցրած հայտարարությունները՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ:
Աբրահամյանը կասկած ունի, կարծում է՝ ռազմաբազան որևէ գործնական խնդիր չի կարող լուծել:
«Ռուս խաղաղապահները Ղարաբաղում էին, ի՞նչ եղավ նրանց ներկայության պայմաններում՝ եղավ էթնիկ զտում: Ո՞վ կարող է ասել, որ երբ ենթադրենք՝ Թուրքիան ներխուժի, նման վարքագիծ չեն դրսևորելու»,- ասում է նա:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ հայկական կողմի համար հիմա ամենակարևոր խնդիրը երկաթուղու հարցն է: Ըստ նրա՝ այս հարցը ավելի կարևոր է այժմ, քան ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը:
Աբրահամյանը, սակայն, չի կարծում, թե ռուսական կողմը այս պահին պատրաստ է փոխզիջումների. «Նրանք դեռ պատրաստ չեն հիմնական փաստարկներն ընդունել կառավարումը փոխանցելու հարցում: Չեն ուզում թույլ տալ, որ Հայաստանը դառնա գործոն: Սա ՌԴ-ի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է: Դժվար թե առաջիկա հանդիպման ժամանակ այս հարցում Պուտինն ու Փաշինյանը համաձայնության հասնեն»:
Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված խոսակցություններին, Աբրահամյանը չի բացառում, որ ցրտերը մոտենալուն զուգընթաց գազի գինը բարձրանա:
«Սակայն չպետք է ընկնենք ծուղակի մեջ և տուրք տանք ճնշումներին: Չպետք է թույլ տանք, որ գազի գործոնը օգտագործեն ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Մոսկովյան հանդիպումը բարդ է լինելու, բայց ունենք շատ լուրջ խաղաքարտեր»,- ընդգծում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()