«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը այցելել է Թալին համայնք, որտեղ ծանոթացել է Գառնահովիտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին։ Շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 1,2 մլրդ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է երկհարկանի 1621 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ դպրոցի նոր շենք, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Այստեղ ևս վարչապետը շնորհավորել է բոլորին դպրոցի շինարարության ավարտի և աշխատանքների մեկնարկի առթիվ և ընդգծել, որ հերթական անգամ կարելի է ասել, որ գյուղում իր պատմության ամենամեծ ներդրումն է տեղի ունեցել. «Մենք պատկերացնում ենք, որ դպրոցը մի կենտրոն է, մի կետ է, առանցք է, որի շուրջ կյանքը պետք է վերստեղծվի Գառնահովիտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ դպրոցը դառնալու է այն կետը, որտեղ կյանքը Գառնահովիտում և մերձակա գյուղերում վերակենդանանալու է, վերաակտիվանալու է, ինչպես նաև դառնալու է սոցիալական շփումների հարթակ բնակչության համար:

«Մենք կառուցում ենք դպրոցներ, որը ոչ միայն ապրելու, այլ լավ ապրելու հմտություններ, լավատեսություն և էներգիա կհաղորդի ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին։ Եվ մենք այս նախագծով, այդ թվում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և էլի «300 դպրոց, 500 մանկապարտեզ», հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության, որտեղ մարդը պետք է ապրի, որտեղ մարդը պետք է ապրի բարեկեցիկ, ազատ և անվտանգ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Իր խոսքում վարչապետը նշել է, որ դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որոնք ունեն Երևան քաղաքի կենտրոնի դպրոցները. «Հիմա ընդհակառակը, կենտրոնում կարող է արդեն կան դպրոցներ, որոնք այս հնարավորությունների մի մասը չունեն»:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այլևս կյանքը պետք է ինքն իր մասին անընդհատ հայտարարի Գառնահովիտում, իսկ որպեսզի կյանքն ինքն իր մասին ամեն օր հայտարարի Գառնահովիտում՝ պետք է Գառնահովիտում ապրող մարդիկ ամեն օր իրենք իրենց մասին հայտարարեն, և այդ հայտարարությունը, համոզված եղեք, առանց արձագանք չի մնա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ