Մարդիկ աշխատել են, այդ թվում՝ ձեր ծնողները, ուսուցիչները, հարկեր են վճարել, որ կառուցվեն դպրոցներ. վարչապետ

«Դպրոց կառուցելը մեկ խնդիր է, այդ դպրոցի հետագա կյանքն ու գործունեությունն ապահովելը՝ մեկ այլ խնդիր»:

Այս մասին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի բացման արարողության ժամանակ իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, թե հիմա հատկապես շատ ընդգծվում է հարցը, թե ինչ հմտություններով պետք է երեխաները դպրոցից դուրս գան:

«Երեխաները դպրոցից պետք է դուրս գան բարեկեցիկ կյանք ունենալու հմտություններով, բայց սա էլ բավարար չէ:

Արհեստական բանականության հետ կապված աշխարհը անընդհատ փոխվում է, մենք պետք է կրթության որակը փոխենք այնպես, որ նոր ներկա պայմաններին ադապտանանք: Կյանքը փոխվում է, և եթե մենք ի վիճակի չենք կյանքի փոփոխություններին արձագանքել, մենք մնում ենք նույն կետում:

Մենք շատ ուրախացել էինք, որ նոր չափոփոշիչն էր ընդունվում 2020 թվականին, բայց ամեն տարի պետք է նոր չափորոշիչ ընդունել, որովհետև ամեն տարի չափանիշները փոխվում են»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ չափազանց կարևոր է՝ երեխաները հասկանան, թե ինչպես է դպրոցը կառուցվել:

«Մարդիկ աշխատել են, այդ թվում՝ ձեր ծնողները, ուսուցիչները, հարկեր են վճարել պետական բյուջե, այդ գումարները հավաքվել են, ու Կառավարությունը փոխանցել է դպրոցի կառուցմանը: Ես կուզեի, որ ամեն անգամ դպրոցների բացման ժամանակ, երբ ասվում է «շնորհակալություն ՀՀ կառավարությանը», ասվի՝ «շնորհակալություն հարկ վճարող քաղաքացուն»»,- հավելել է վարչապետը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ