Քաղաքական աշնան դիրիժորներն ու նարատիվները. ՌԴ-ն փորձելու է ՏԻՄ ընտրությունները վերածել ԵԱՏՄ-ի վերաբերյալ նախնական հանրաքվեի

Երեկվանից օրացույցով պաշտոնապես մեկնարկել է տարվա աշուն եղանակը, ինչպես նաև հայաստանյան քաղաքական կյանքի աշնանային սեզոնը, որն այս տարի առանձնահատուկ է լինելու՝ ընտրական իմաստով։ Նորընտիր ԱԺ-ի՝ օգոստոսի 2-ից սկսված և շուրջ մեկ ամիս ձգված նիստերը, ԱԺ-ի, Կառավարության ձևավորումը, Կառավարության հնգամյա ծրագրի հաստատումն, ըստ էության, ազդարարեցին համապետական ընտրությունների նախընտրական, բուն ընտրական և հետընտրական գործընթացների ավարտը, առջևում ամենակարևոր՝ ՀՀ կենսագործունեության առաջիկա 5 տարիները նախանշող Կառավարության ծրագրի իրագործման, դրա նկատմամբ խորհրդարանական, հանրային վերահսկողության փուլն է։ Շատ կարևոր է, թե ինչ մթնոլորտում է անցնելու այդ ծրագրի իրագործումը՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմության վարքագծի առումով՝ նպաստե՞լ, աջակցե՞լ, թե՞ խեղաթյուրել ծրագրի նպատակն ու ձեռքից եկածի չափով տորպեդահարել դրա իրագործումը։

Համապետական ընտրությունների էջի թերթումը, սակայն, չի նշանակում ընտրական ցիկլի ավարտ։ 2026-ի քաղաքական աշունը, ինչպես գիտենք, նույնպես ընտրական է լինելու՝ ավելի քան 4 տասնյակ համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Հետևապես պրոռուսական ընդդիմությունը, որն, ինչպես հայտնի է, համապետական ընտրությունների ժամանակ պայքարի մեջ էր մտել իշխանափոխության կոշտ օրակարգով ու իր ընտրողների մեջ մոտալուտ «պոպոխությունների» ակնկալիքներ ձևավորել, վերադառնալու է հիշյալ օրակարգին՝ տեղական նշանակության ընտրությունները փորձելով վերածել չբավարարված ակնկալիքների, չկատարված մեգախոստման՝ իշխանափոխության հերթական ռաունդի։ Սա նշանակում է, որ առաջիկայում քաղաքական դաշտը վերադառնալու է ընտրական տրամաբանությանը՝ քաղաքական ուժերի դիրքավորում, գործողությունների, անելիքների ներդաշնակեցում և այլն։ Ու արդեն սեպտեմբերի 14-ից մեկնարկող ԱԺ նստաշրջանի ժամանակ ընդդիմության բարձրացրած օրակարգը աստիճանաբար «տեղայնացվելու» է՝ սպասարկելու ՏԻՄ ընտրությունների միջոցով իշխանափոխության իրենց «անժամանցելի նպատակը»։

Հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության (մասնավորապես՝ խորհրդարան անցած) համար այժմ կա մի կարևոր հարց՝ արդյոք իրենց ստացած ձայները (թեկուզ՝ որոշ դեպքերում ընտրակաշառքով ձեռք բերված) պահպանվո՞ւմ են տեղերում։ Մասնավորապես այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր հիմնական ուժերը ամենաշատ ձայներն են ստացել։ Այնպես որ, ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրություններից մոտ կես տարի անց իրենց տեսակի մեջ «վերաքննության» են վերածվելու և տալու են կարևոր հարցի պատասխանը՝ արդյոք կենսունակ և լեգիտի՞մ է ընդդիմությունը, որը օրը 24 ժամ ռեժիմով աղաղակում է իշխանությա՛ն ոչ լեգիտիմ, մանդատագող լինելու և այլ զազիր հատկությունների մասին։

Քաղաքական աշնան դիրիժորներն ու նարատիվները

Արդ, շատ կարևոր է, թե ընդդիմությունն ի՞նչ հիմնական թեզերի, նարատիվների շուրջ է կառուցելու իր ՏԻՄ օրակարգը, որպեսզի այն դարձնի համոզիչ, հրապուրիչ և ամենակարևորը՝ իրագործելի։ ՏԻՄ ընտրությունների օրակարգը թեև տրամաբանորեն պետք է վերաբերի տեղական նշանակության հարցերին, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ ընտրությունները ևս վերածվում են ընդհուպ աշխարհաքաղաքական նշանակության զգայուն հարցեր բարձրացնելու միջոցառման (օրինակ՝ Սյունիքում՝ Մեղրի, Գորիս, Տաթև, Տեղ, սպասվելիք ընտրությունների ժամանակ կարելի է կանխատեսել, որ ընդդիմությունն իր օրակարգը կառուցելու է ԹՐԻՓՓ-ին առնչվող շահարկումների շուրջ՝ նպատակ ունենալով տորպեդահարել այդ մեգանախագծի իրագործումը, Վայքում, Ջերմուկում հիմնական նարատիվը լինելու է ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի դուրսբերումն ու առկախված սահմանազատումը): Հիմնական նարատիվներն արդեն իսկ նշմարելի էին ԱԺ օգոստոսյան նստաշրջանի ժամանակ՝ «եկեղեցու դեմ արշավ»՝ Կաթողիկոսին հեռացնելու հակասահմանադրական մտադրություն, «Ալիևի պարտադրանքով գրված» նոր Սահմանադրության տեքստի նախաբանում Անկախության հռչակագրին հիշատակման բացակայություն, Տիգրանաշեն-Քյարքիի «հանձնում», ընդդիմադիր հիմնական լիդերների չեզոքացում, կալանավորում՝ այդ պայմաններում կենսական զիջումներ անելու համար, կեղծ խաղաղություն, ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով ի հայտ եկող տնտեսական, էներգետիկ արհավիրքներ և այլ ածանցյալ հարցեր։

Այս վերջին՝ ԵԱՏՄ-ին առնչվող օրակարգը, դատելով մասնավորապես ՌԴ-ից եկող քարոզչական հիստերիկ հոսքերից՝ հայկական ազգանունով ռուսահպատակ բլոգերների ֆեյսբուքյան լայվերից մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (Մարիա Զախարովա, Միխայիլ Գալուզին) հայտարարություններ, ակնհայտորեն դոմինանտ է լինելու առաջիկայում։ Սա, թերևս, այն գլխավոր օրակարգն է, որի գեներացմամբ շահագրգռված է ՌԴ-ն։

ՀԱՊԿ-ում իր անդամությունը սառեցրած ու դրա կենսունակությունը կասկածի տակ դրած, ավելի կոնկրետ՝ դրա բուտաֆորիկ լինելը աշխարհին ցուցանած, ՀԱՊԿ առաքելությունը ԵՄ դիտորդներով փոխարինած ՀՀ-ին, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, չի ներվի համանման վերաբերմունքը մեկ կարևոր կառույցի՝ ԵԱՏՄ-ի հանդեպ։ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մնալ-չմնալու վերաբերյալ հարցադրումներին զուգահեռ, որոնք հնչում են ՌԴ-ից՝ ի վերջո՝ մնո՞ւմ եք, թե՞ դուրս գալիս, ՀՀ-ին ուլտիմատում է ներկայացվել՝ մինչև տարեվերջ ժամանակ ունեք կողմնորոշվելու՝ շարունակում եք լինել ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ գնում եք ԵՄ, արեք հանրաքվե ու տվեք մե՛զ հուզող այդ հարցի պատասխանը։ Պրոռուսական ընդդիմության ֆավորիտ ուժերը, կարելի է կանխատեսել, հենց այս թեմատիկան են դարձնելու իրենց քարոզարշավի «մեխը»՝ փորձելով ամեն կերպ համոզել հանրությանը, թե՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների փչացումը հղի է մի շարք մարտահրավերներով, ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ծայրահեղ վատ հետևանքներ, որոնց կրողը լինելու է ինքը՝ «խեղճ գյուղացին», ֆերմերը։ Հետևապես պետք է «դիմադրել» իշխանությանը՝ քվեարկելով դեմ ոչ միայն ՔՊ-ին, այլև ԵԱՏՄ-ից դուրս գալուն։

Ամփոփելով արձանագրենք՝ թեև ՏԻՄ ընտրություններն առնչվում են բացառապես ՀՀ ներքին կյանքին, սակայն ակնհայտորեն ՀՀ-ում իշխանափոխությամբ շահագրգիռ արտաքին ուժերը, մասնավորապես՝ ՌԴ-ն, փորձելու է միջամտել ընտրական գործընթացին (ինչպես որ անթաքույց միջամտում էր հունիսի 7-ի համապետական ընտրություններին)՝ ավելացնելով ՏԻՄ ընտրությունների կշիռը, դրանց հաղորդելով աշխարհաքաղաքական նշանակություն և ամենավտանգավորը՝ կիրառելով արդեն փորձարկված հիբրիդային գործիքակազմը։ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմության հավաքած ձայները նախնական, ոչ ֆորմալ հանրաքվեի նշանակություն են ունենալու՝ արտահայտելով ժողովրդի կամքը՝ արդյոք պե՞տք է շարունակել մնալ մի տնտեսական միավորումում, որին անդամակցելու որոշումը 2013-ին կայացվել է մեկ մարդու կողմից, «մեկ գիշերվա մեջ», այսինքն՝ առանց իր՝ ժողովրդի կամքը հարցնելու, եթե չասենք՝ դրա վրա թքած ունենալով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ