![]()
Ռուսաստանն, ըստ էության իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ և ընկալումների մակարդակում ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով․
«Մենք միևնուն տնտեսական ինտեգրացիանո տարածքում ենք՝ ԵԱՏՄ-ն, մենք ԱՊՀ անդամ ենք, սառեցրել և հեռանկար չեմ տեսնում, որ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում և պետք չէ այստեղ խուճապային և արհեստական թեմաներ»։
Միրզոյանը չթաքցրեց, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացել առավելապես ռուսական կողմից։
«Սրանից հետևում է, որ մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, առողջացման, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու ակնհայտ խնդիր ունենք։
Մենք կարծում ենք, որ մեր ՌԴ գործընկերները պետք է ավելի մեծ հարգանքով վերաբերվեն ինքուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքին, նրանք իզուր են փակել մեր ապրանքների մուտքը ռուսաստանյան շուկա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ունենք բոլոր իրավունքները և բոլոր պարտականությունները և Հայաստանի Հանրապետությունն իր պարտականությունները անթերի կերպով կատարել է։
Սա առողջ չէ և ԵԱՏՄ կանոնների խախտում է։ Այստեղ միայն Հայաստանն ու Ռուսաստանը չէ, ԵԱՏՄ բոլոր անդամները պետք է հասկանան, թե այս իրավիճակի հետ ոնց վարվել, քանի որ մեր պարտականությունները կատարել ենք անթերի և վատ է, որ մեր իրավունքը խախտվել է»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց՝ Հայաստանը նպատակ չունի թեժացնել իրավիճակն ու մտնել փոխադարձ հայտարարությունների և մեղադրանքներ տիրույթ։ Միրզոյանն ասաց՝ հարցերը կառուցողական մթնոլորտում լուծելու տրամադրվածություն կա։
![]()