![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի համանուն իշխող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, ի տարբերություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, որը կալանավորված Ռոբերտ Քոչարյանին դիմացկունություն է մաղթել ծննդյան օրվա առթիվ, ողջամտություն և քաղաքական հասունություն է մաղթում նրան, որպեսզի Քոչարյանը կարողանա վերանայի իր անցած ճանապարհը, ներողություն խնդրի հայ ժողովրդից այն ստորացումների համար, որ եղել են իր կառավարման տարիներին:
«Ներողություն խնդրի քաղաքական սպանությունների, «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի համար և պարզապես թողնի ու հեռանա քաղաքականությունից»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ստեփանյանը:
Ըստ իշխող ուժի անդամի՝ Քոչարյանը համատեղ բիզնեսներ ունի Պուտինի հետ ՌԴ-ում, և այս երկու քաղաքական ֆիգուրների ընկերությունը և համագործակցությունը միմիայն վնասել են Հայաստանի Հանրապետությանը. «Իսկ ինչի՞ բերումով է Քոչարյանը դարձել Պուտինի ընկերը. Քոչարյանը Պուտինի բոլոր երազանքները ՀՀ-ում իրականացրել է»:
Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կոտրում է ազգի հոգևոր արժեքները, եթե սրան վերջ չդրվի, բոլորը պետք է սովորեն թուրքերեն, պատգամավորը նկատում է. «Եթե Քոչարյանը այդքան վատ է համարում լեզուների իմացությունը, ինչո՞ւ էր Էրդողանին նամակ գրել՝ խնդրելով վերանայել ՀՀ-Թուրքիա հարաբերությունները»:
Միաժամանակ Լիլիթ Ստեփանյանն ասում է. «Բոլորս հիշում ենք Քոչարյանի եղնիկներով սվիտերը և թե ինչ տեղի ունեցավ դրանից մեկ-երկու տարի հետո. բախտի բերմամբ, ԺԷԿ-ի թղթով դարձավ ՀՀ նախագահ»:
Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի՝ ՌԴ-ի՝ Հայաստանի նկատմամբ կիրառած սահմանափակումները չաշխատեցին: Պատգամավորը, սակայն, չի բացառում, որ այս սանկցիաների հետ մեծ կապ ունի Սամվել Կարապետյանը:
Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված խոսակցություններին, Լիլիթ Ստեփանյանը հույս ունի, որ ՌԴ-ում չեն անցնի այդ ճանապարհը:
«Հայաստանում չի կարող հանրաքվե լինել ինչ-որ մի երկրի ղեկավարի ուզելով»,- շեշտում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()