![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Մարիա Զախարովայի երկարաշունչ արձագանքից հետո իսկապես սկսում ես հավատալ, որ այդ կինը տառապում է խրոնիկ ալկոհոլիզմով և հալյուցինացիաներ է տեսնում։ Բոլորս լինելով 2020-23թթ․ ողբերգական զարգացումների վկան ու ականատեսը, կարդալով նրա արդարացումները Հայաստանին ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի նվիրվածության մասին, խեղդվում ես ստի դոզայից։ Ըստ Մարիա Զախարովայի՝ Մոսկվան Հայաստանի սահմանների նկատմամբ ոտձգություններից հետո իրեն կոտորել է Հայաստան գալու ու նրա սահմանները պաշտպանելու համար, իսկ, այ, Նիկոլ Փաշինյանը կրծքով փակել է ՀԱՊԿ ազատագրիչ զինված ուժերի դեմը և ասել՝ «Օհ, ոչ, Լադիմիր Լադիմիրովիչ, ոչ մի զենք, ոչ մի կրակոց մեր զավթված սահմանային գոտիները դեօկուպացնելու համար, միայն հեռադիտակներ, այն էլ անզեն եվրոպացիների կողմից․․․․»
Մոսկվայում մոռանում են, որ սա այլևս ԽՍՀՄ փակ երկիրը չէ’ դասագրքերի, գրքերի ու մամուլի վրա պետական գրաքննող, կեղծվող մամլիչով, որ ինչ տեսակետ ուզենաս՝ բրդես զոհի վրա. նրա տունը՝ առաջին հանրապետությունը քանդելը ներկայացնես «ազատագրում», «փրկություն», «խորհրդայնացում», «պայծառ կոմունիստական ապագայի բերում»․․․ Մոռացել է, որ հազարամյակներով գոյություն ունեցած, գիր ու գրականություն ստեղծած, աշխարհի բոլոր երկրներում լուսավորության գործում մեծ ավանդ ունեցած ժողովրդի հետ գործ ունի, որի ռենեսանսների ու ոսկե դարաշրջանների ժամանակներում իրենք դեռևս չկային․․․ Մոռանում են, որ փաստերն անողոք են՝ Հայաստանը և Ռուսաստանին երկկողմ մեխանիզմով, և ՀԱՊՀ-ին բազմակող մեխանիզմով դիմել է 2 անգամ, 2 տարբեր հիմքերով՝ հոդված 2-ով ու 4-ով, սահմանային օկուպացիաների հավաքական գնահատական տալու և կոլեկտիվ պաշտպանութան 4-րդ հոդվածը Հայաստանի համար գործարկելու առաջարկով։ Մաշան «մոռացել» է, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի սահմաններից մինչև վերջին ավտոմատը հավաքված սպառազինությունը Արցախ տեղափոխելու մասին Ալիևին խաբարբզիկությունն անելուց զատ (որի պատճառով Հայաստանի սահմանների վրա երկու գրոհների ժամանակ պաշտպանության համար բավարար զենք էլ չենք ունեցել) իրենք էլ «մոռացել» էին կանխավճարով վճարված մի քանի հարյուր միլիոնանոց գործարքի դիմաց սպառազինությունը մատակարարեն, որպեսզի Գեղարքունիքի ու Սև լճերի սահմանամերձ հատվածների ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ժամանակ տղերքը ոչ թե ձեռնամարտի բռնվեին, այլ գոնե կրակեին․․․ Չի մոռացել, ուղղակի չի կարող ասել, որ երբ Ալիևը նոյեմբերի 10-ից հետո ասում էր Հայաստանը բանակ չպետք է ունենա, դրա մասին Լադիմիր Լադիմիրչն էլ գիտեր, որ 2020-ի դեկտեմբերից Հայաստանի ՊՆ-ում վեր ընկած ռուս ինստրուկտորների իրական առաքելությունը այն էր, որ պարտության մատնված հայկական բանակը արագ չվերակազմավորվի, իրենք էլ Ռուսաստանից զենք չտան, որպեսզի Ալիևի պահանջը կատարվի, Ալևը միջանցքը բացելու գրոհն սկսի, իրենք էլ մեզ փրկելու անվան տակ կլանեն Հայաստանի ինքնիշխանությունը․․․ Ու իր հիմար հալին, ուզում է լուրջ ընդունենք, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում պետք է համաձայնեինք «ՀԱՊԿ-ի առաջարկած դիվանագիտական լուծումներին», օկուպացված սահմանային գոտիներում տեղակայեինք ՀԱՊԿ «խաղաղապահներին», որի համար Մաշայի տերը դեռ 2007-ին էր հիմքեր ստեղծում ՀԱՊԿ պայմանագրային բազայում «խաղաղապահության թեմաներով» պայմանագրեր ստորագրել ու վավերացնել տալով այդ թվում’ Հայաստանին․․․ Որպեսզի 2021-22թ․ ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվեր նոր սառեցված հակամարտություն՝ սահմանային տարածքների շուրջ, «խաղաղապահների տեղակայմամբ», քանի որ Էրդողանի հայտարարության համաձայն՝ Պուտինն իրեն 2020թ․ նոյեմբերի 9-ից անմիջապես առաջ խոսք էր տվել, որ «ռուս խաղաղապահներն» Արցախը լքելու են մինչը 2025թ․-ը, ոչ ավելի ուշ․․․ Իսկ Արցախցիների վրա աստղաբաշխական գներով սնունդ, հավ ու ճուտ, վառելիք վաճառող ու թուրքի հետ քարդաշություն անող «խաղաղապահները» պետք է բարեհաջող «դիտեին» նրանց «խաղաղ տեղահանությունը», «ձեռքերը թափ տային» ու հրետակոծության տակ իրենց մոտ աճապարած Շահրամանյանին ասեին՝ «ոչինչ չենք կարող անել» ու «բարեհաջող տեղափոխվեին» նոր «խաղաղապահության գոտի»՝ սահման, որի վրա հարձակումից առաջ «պատահաբար» լքել էին դիրքերը «զորավարժության» պատրվակով ու թուրքի համար բացել հայոց դարպասները․․․
Ու իմպերիալիստական դեմագոգիան հասել է այնտեղ, որ Մաշանները նեղվում են, որ փաստերը պարտադրում են մեզ մտածել, թե քանի կոպեկ է արժեցել հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը», Պուտինի զատուլինյան սերն առ Արցախ ու Հայաստան, Ռուսաստանի նվիրվածությունը օրհասական վտանգի տակ հայտված «կրտսեր եղբորը»․․․
Եթե անգամ Հայաստանը այլ ընտրության մասին էլ չմտածի, մենք ՀԱՊԿ-ում անելիք չունենք։ Դուք արդեն քանի անգամ մեզ դավաճանել եք։
![]()