Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում

Ըստ քարանձավագետների, աշխարհում գոյություն ունի մարդու կողմից կիրառված քարանձավի մի տեսակ, որը հանդում է միայն Հայաստանում: Խոսքը «Քարե դռներով» քարանձավների մասին է, որոնցից Հայաստանում հայտնաբերվել է շուրջ 80 օրինակ:
Հայաստանում քարե դռներով քարանձավներ մեծամասամբ հանդիպում են Արագած լեռան հարավային լանջի ձորերում՝ Աղձք (Աղցք), Ուջան, Վերին Սասունիկ, Ավան, Բազմաղբյուր, Լեռնարոտ համայնքների սահմաններում: Դրանք վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ են, որոնք գիտականորեն քիչ են ուսումնասիրված: Հիմնականում կառուցվել են արդեն ձևավորված քարանձավներում և ծառայել` որպես սննդամթերքի գաղտնարան-պահեստարաններ:

Ավելի ուշ ժամանակներում, ընդհուպ մինչև XX դ., բնակեցված են եղել նաև աշխարհիկ կյանքից մեկուսացված մարդկանցով:
Քարանձավները հիմնականում բաղկացած են եղել երեք մասից: Առաջինը քարանձավային սրահն է, երկրորդը՝ դեպի սրահ տանող թունելատիպ մուտքը, երրորդը՝ քարե դուռը: Սրահների թիվը քարանձավներում կարող էր հասնել 7-ի: Դրանք 40-45 քմ մակերեսով, բնական փորվածքով տարածքներ են: Խոնավության առկայության դեպքում, սրահի ժայռապատին զուգահեռ, բազալտե անկանոն քարերով պատ է շարվել: Սննդամթերքը պահելու համար սրահի անկյուններում փորվել են թոնրատիպ հորեր՝ պահեստարաններ, որոնք հաճախ եղել են երկհարկ, երբեմն՝ եռահարկ: Քարանձավների քարե դռները, իրենց շրջանակներով, անխտիր պատրաստված են եղել բազալտե քարերից: Որպես կանոն՝ բոլոր դռները բացվել են դեպի ներս: Ունեցել են 60-100 սմ լայնություն, 50-150 սմ բարձրություն և 30-35 սմ հաստություն: Այսօր էլ, բազմաթիվ դռներ հեշտորեն բացվում և փակվում են: Մասնագետները նման դռների պատրաստումը համարում եմ ինժեներական գլուխգործոցներ: Քարե դռներով քարանձավները հնագիտական և պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ