![]()
Կիևի մարզի Բուչա շրջանի Միլա գյուղում, որտեղ օգոստոսի 28-ի երեկոյան ռուսական հարվածի հետևանքով զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է 38-ի, օգոստոսի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվս չորսը դեռևս անհետ կորած են համարվում, և նրանց որոնումները շարունակվում են։ Վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է 38 զոհի և 52 վիրավորի, այդ թվում՝ 5 երեխայի:
Զոհվածների թվում է Դմիտրով համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը, որը ժամանել է մաքրման աշխատանքներին օգնելու համար։
Հրդեհների մեծ մասն այժմ մարված է, և փրկարարները աշխատում են շուրջօրյա՝ բնակելի տարածքում ցրված պայթուցիկ սարքերը հայտնաբերելու և վնասազերծելու համար։
«Ուկրաինսկա պրավդա»-ի փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը՝ առնվազն 27 մարդ, «Լավ տուն» մասնավոր ծերանոցի բնակիչներ էին։ Շենքն ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով։
Օգոստոսի 30-ը Կիևի մարզում հայտարարվել է սգո օր։
Զելենսկիի խոսքով՝ առաջին հարվածը հասցվել է Պաշտպանության ուժերի զինամթերքի պահեստին, «որը չպետք է այնտեղ լիներ», որին հաջորդել են արկերի, ականների և անօդաչու թռչող սարքերի պայթեցումները։ Ուկրաինայի նախագահն իրավիճակն անվանել է անփութության հետևանք և հայտարարել, որ գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ն, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինվորականները ունեն հետաքննության համար անհրաժեշտ ամեն ինչ։
![]()