![]()
«Մոսկվան սադրիչ է համարում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսաստանցիների մասին՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից բազմիցս հերքված շահարկումների ֆոնին»:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել Սիմոնյանի հայտարարության վրա, թե հանրապետությունը պատրաստ է ընդունել Ռուսաստանի քաղաքացիների նոր ալիք, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց:
«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է: Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ: Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և ավանդական հայկական հյուրընկալությանը տալիս են թունավոր քաղաքական երանգ»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական կողմը Սիմոնյանի հիշատակված մեկնաբանություններում տեսնում է հանրապետության իշխանությունների՝ «Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ ապացույց»:
Զախարովան հավելել է, թե ՌԴ-ում երկրում հնարավոր զորահավաքի վերաբերյալ տեղեկությունները բազմիցս հերքվել են Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից:
![]()