Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta․ FIP

FIP-ը գրում է․ Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը, որում անդրադարձել է նաև հայաստանյան խորհրդարանական ընտրություններին։

Կազմակերպության կիսամյակային զեկույցում արձանագրվում է՝ Ռուսաստանի պետական կառույցների հետ կապվող ANO Dialog կոչվող ոչ առևտրային կազմակերպությունը մեծ դեր է ստանձնել արտասահմանյան՝ այդ թվում հայալեզու լսարաններին թիրախավորող գաղտնի ազդեցության գործողություններում։

Նշենք, որ 2019 թվականին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից հիմնադրված կազմակերպությունը ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից նախկինում կապվել է Doppelganger մեթոդով արշավների հետ, որն իրականացվել է՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հետ միասին։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ էին հայտնվել արտահոսած փաստաթղթեր, որոնք վկայում էին «Սոցիալական դիզայնի գործակալության» Հայաստանի և սփյուռքի հայերի դեմ իրականացվող բազմաթիվ ապատեղեկատվական ու պառակտիչ տեղեկատվական արշավների ու սադրանքների մասին։

ANO Dialog-ի արշավը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի

Мeta-ն ներկայացրել է ANO Dialog-ին վերագրված երկու գաղտնի ազդեցության գործողություններ։

Նշվում է, որ դրանցից մեկի շրջանակում կազմակերպության (նկատի ունի Meta-ի, խմբ․) քաղաքականությանը և կանոններին հակասող բազմաթիվ հաշիվներ են ստեղծվել, որոնք համակարգված ձևով թիրախավորել են 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։

Ըստ այդմ, Мeta-ն արգելափակել է Facebook-ի 25 հաշիվ, 13 էջ և Instagram-ի 13 հաշիվ։ Նշվում է, որ մոտ 9,600 հաշիվ հետևել է այդ էջերից առնվազն մեկին, իսկ մոտ 10,400 հաշիվ՝ Instagram-ի այդ հաշիվներից առնվազն մեկին։

«Ցանցը թիրախավորել է 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ փորձելով մեծացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ աջակցությունը», — ասվում է զեկույցում։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի ամռանը FIP.am-ը բացահայտել էր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանին աջակցող տասնյակ կեղծ օգտահաշիվներ:

Զեկույցում արձանագրվում է նաև, որ Հայաստանում իրենց գործունեությունն ուղղակիորեն առաջ մղելուց բացի՝ ցանցը թիրախավորել է նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող հայկական սփյուռքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ