![]()
Ռուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող որոշ վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք և էմոցիաներ են առաջացնում:
Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք փոխվարչապետերի մակարդակով կանոնավոր շփումներ ունենք։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման ներքո։ Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե նույնիսկ դրանք ծագել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես մտածում այդ մասին։
Սակայն դրա փոխարեն հայկական կողմից հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես իրենցն է, և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք։ Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, էմոցիաներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Ես բացառություն չեմ»,- նշել է Լավրովը։
Պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չտալ նույն սխալները, ինչպես եղել է Ուկրաինայի պարագայում, նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմից ամեն ինչ արված է։
«Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան, քան Եվրոպական միության գներն են։ Ելնում եմ այն կանխամտածումից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո:
«ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
![]()