![]()
Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ Հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով վերջին շրջանի ձերբակալությունների մասին հարցին:
«Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչները և ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում մեր երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ, կարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին»,- ասել է Մարիա Զախարովան։
Նա հավելել է՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն կարծում է, որ վերջին զարգացումները ծավալվում են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանին վերաբերող կարգախոսների ներքո։
Զախարովան նշել է, թե նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, որ իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱԳՆ խոսնակը նաև կրկնել է, որ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին և միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ:
«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները»,- հավելել է Զախարովան։ Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը, իբր, ցանկանում է խաթարել ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական և համագործակցային կապերը:
«Եթե այդպես չլիներ, կարելի էր դիտարկել որոշ հնարավորություններ, սակայն դրանք չկան»,- եզրափակել է Մարիա Զախարովան:
![]()