Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

«Եթե խոսքը բարկանալու մասին է, ես ամսի 24-ին չեմ բարկացել, ես վաղուցվանից բարկացած եմ»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի հետ ունեցած սուր հարցուպատասխանն է պատճառ դարձել, որ ինքը բարկանա և իրավապահներին հրահանգներ տա։

Փաշինյանը կրկին նշել է, որ վերջին ութ տարիների ընթացքում իրավապահ համակարգը պատշաճ չի գործել՝ դա կապելով նախկին իշխանությունների ազդեցության հետ։

Անդրադառնալով Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությունից առաջ տարածված պաստառներին՝ Փաշինյանը հարցադրում է արել, թե եթե ընտանիքը նախապես իմացել էր խուզարկության մասին, ինչու երեխաներին չէր տեղափոխել մյուս տատիկ-պապիկի տուն։

«Էն որ խուզարկությունից առաջ պաստառներ են ցուցադրում՝ ցույց տալով, որ իրենք գիտեին, հետո էլ մի հատ մեծ պատմություն են սարքել՝ բա երեխեքը։ Եթե դուք գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում, այսինքն՝ պահե՞լ էիք, որ երեխեքով շոու անեք, բա էդքան սիրում էիք երեխեքին»,- ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով՝ պաստառներ պատրաստելու փոխարեն ընտանիքը կարող էր երեխաներին տեղափոխել անվտանգ վայր։

«Այսինքն՝ սա նշանակում է, որ երեխեքին զենքայնացնելու մի պրոցես է սկսվել»,- եզրակացրել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ նախկին նախագահները, իր խոսքով, պետք է յուրաքանչյուր ամսվա վերջին ստուգեն իրենց հեռախոսները՝ տեսնելու, թե երբ է թոշակը փոխանցվել, և դրանով ապրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ