Վազգենը ևս ուզում էր ինքնիշխանության հասնել, ավարտվեց Հոկտեմբերի 27-ով. ՀՀ-ի համար 1 ամիս ժամանակ են սահմանել

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ 2026 թվականին Հայաստանը կարող է ազատվել կախվածությունից և ձեռք բերել ավելի լայն ինքնիշխանություն:

Ըստ նրա՝ ՀՀ-ն փոքր և զգուշավոր քայլերով փորձում է ինքնիշխանություն հաստատել: Նրա խոսքով՝ ՀՀ-ի ինքնիշխանությանը դեմ է Ռուսաստանը:

Սարգսյանի նկատառմամբ՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը ևս քայլեր էին կատարում ինքնիշխանության համար, բայց հարցն ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ով՝ ահաբեկչությամբ:

«Հայաստանը կցորդի կարգավիճակ ունի և ուզում է դրանից ազատվել: Հայաստանի ընդդիմությունն էլ ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն պահպանի կցորդի կարգավիճակը: Սեփական իշխանություն ունենալու գինն ավելի են վեր դասում, քան Հայաստանի Հանրապետության գինը: Ձեր տեղը «Եդինայա Ռոսիա»-ի կազմում է, գնացեք այնտեղ առաջադրվեք, վարչապետ դարձեք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ ՌԴ-ում Հայաստանի համար մեկ ամիս ժամանակ են սահմանել: Վերջինս միաժամանակ ասում է՝ Ռուսաստանը ունակ է ամեն ինչի, բայց այս պահին ՀՀ-ի համար միակ վտանգը տեռորիստական ակտն է, ինչը, ըստ Սարգսյանի, կբերի ավելի վատ վիճակի:

Անդրադառնալով Քոչարյան ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասում է. «Քոչարյանի կալանավորումը հանրային պահանջ է: ՀՀ քաղաքացիների մեծ մասը կթվարկի, թե Ռոբերտ Քոչարյանն ինչի համար պետք է դատապարտվի, սակայն առաջին հերթին նա պետք է դատվի Մեղրիի տարբերակը բանակցային թեմա դարձնելու համար: Սա ամենամեծ վատությունն է Հայաստանին, որ նա արել է»:

Արամ Սարգսյանին զայրացնում է այն, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական թիմերը, որոնք այսօր ԱԺ ընդդիմություն են դարձել, խոսում են ընտրությունների լեգիտիմ լինել-չլինելուց:

«Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը ընտրությունների լեգիտիմությունից է խոսում այն դեպքում, երբ 2003 թվականի ընտրություններում Արաբկիրում ԱՄՆ դեսպանի ներկայությամբ քվեատուփն էին գողանում, և ոչ մեկը ոչ մի բան չէր կարողանում ասել: «Ուժեղ Հայաստանն» էլ հայ ժողովրդին համարում է ապրանք, գնահատել են 100 ու 150 հազար դրամ, սվիտեր ու շալվար, շուն-շանգյալ ու էսօր եկել լեգիտիմությունից են խոսում»,- ընդգծում է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ