![]()
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, որը կալանավորվել է:
Նշենք՝ ձերբակալված անձը Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
Տեղի ունեցած վրաերթի ժամանակ մեկ զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել վնասվածքներ: ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում. նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:
![]()