Քոչարյանին առնչվող վարույթի շրջանակում դատարանը Սերժ Սարգսյանի նկատմամբ սահմանել է խափանման միջոց

ՀՀ նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների վարչապետ Սերժ Սարգսյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելքը որպես խափանման միջոց:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Նշենք՝ Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանի նկատմամբ է տնային կալանք սահմանվել, իսկ նրա կինն ու 2 դուստրերը կալանավորվել են։

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնությամբ ներկայացրել էր, թե ինչ մեղադրանքներով են անցնում Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Նրանք, ինչպես նաև հանցավոր սխեմաներում ներգրավված ևս 4 անձ ձերբակալվել են:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունն առավել մանրամասնել էր մեղադրանքի բնույթն ու հայտնել, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա. Ո.-ն, Ա. Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ