![]()
Ավարտին է մոտենում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի շահառուներից և գործընկերներից կազմված 5 հոգանոց պատվիրակության 20-օրյա ուսումնական առաքելությունը Չինաստանում։
Ինչպես հայտնել է հիմնադրամը, օգոստոսի 6-ին մեկնարկած «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային ծրագիրը եզրափակիչ փուլում է։
![]()
«Ծյանսիի օտար լեզուների և արտաքին առևտրի մասնագիտական ինստիտուտի կազմակերպած այս վերապատրաստման ընթացքում մեր մասնակիցներն անցել են հագեցած կրթական ու գործնական ուղի` ուսումնասիրել են կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում, առաջնորդության հմտությունների զարգացումը, կարիերայի պլանավորումն ու կանանց սոցիալական աջակցության չինական փորձը։
Տեղի են ունեցել փորձի փոխանակման այցելություններ Ծյանսի նահանգի (Նանչան, Ֆուչժոու) և Գուանտուն նահանգի (Շենժեն, Գուանչժոու) պետական, սոցիալական ու տեխնոլոգիական առաջատար կազմակերպություններ։
![]()
«China Aid» նախաձեռնության շրջանակում Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը հերթական ամուր քայլն էր կանանց կարողությունների հզորացման և հայ-չինական կրթամշակութային կապերի ընդլայնման ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()