![]()
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ պետության համար Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հետ կապված հարցի լուծումը առաջնային է:
Նա պնդում է՝ ոչ մի կաթողիկոս եկեղեցին այնքան չի քաղաքականացրել, որքան նա, ինչը քահանան խայտառակություն է բնութագրում:
«Հայ հավատացյալներն այլևս չեն ուզում խորաններից լսել քաղաքական քարոզչություն և քննադատություն որևէ կուսակցության կամ անհատի հասցեին»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա՝ միաժամանակ հիշեցնելով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ որոշ ժամանակ առաջ քաղաքական գործընթացների մեջ ընդգրկված լինելը:
Ըստ Տեր Արամի՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) փորձում է երկիրը տանել դեպի հյուսիս՝ ՌԴ: Այս համատեքստում նա հիշատակում է նրա եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանին, որի գործակալ լինելու վերաբերյալ ըստ քահանայի՝ փաստեր են հրապարակել:
«Եկեղեցին դարձրել են խաղալիք, որի միջոցով ճնշում են հայ հանրությանը: Հոգևորականները սքեմը օգտագործում են, որ կարողանան քաղաքականությամբ զբաղվել, փորձում են պատերազմ հրահրել, ժողովրդին տանեն դեպի պատերազմ: Նա վերածվել է մի գործչի, որ փոթորկել է ամբողջ Ազգային ժողովը: Ձեռքերը սեղաններին հարվածելու փոխարեն թող հերքեն Կտրիճ Ներսիսյանի հետ կապված հայտարարությունները: Ընդդիմությունը դարձել է Կտրիճ Ներսիսյանի խաղալիքը, Կտրիճ Ներսիսյանն էլ՝ ընդդիմության խաղալիքը»,- ասում է զրուցակից քահանան:
Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) իր դստեր դիպլոմայինի ղեկավարին կանչել է Մայր Աթոռ և շքանշան հանձնել. «Եկեղեցու գումարները նման բաների համար են օգտագործվել: Թող գնա հանգստի և զբաղվի իր դստեր և թոռների խնամքով»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()